Թուրքիան շարունակում է իր խաղաղապահ ստորաբաժանումների միջոցով թուրքերենի ակտիվ տարածումը Կոսովոյում։ Փետրվարի 8-ին Կոսովոյում հանդիպում է անցկացվել, որին մասնակցել են մասամբ ճանաչված այդ երկրում գործող թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Թուրքիայի դեսպանատան աշխատակիցներ, ինչպես նաև թուրք զինվորականներ։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Կոսովոյում թուրքերենով ուսուցման տարածումն ու խորացումը։
Հիշեցնենք, որ 2014 հունվարի վերջին զինված ուժերի հրամանատարությունը Կոսովո էր ուղարկել 2300-իցավելգիրք։ Գրքերը նախատեսված էին Կոսովոյում գործող թուրքական կազմակերպություններին և գրադարաններին բաժանելու համար։
Ինչպես երևում էր լուսանկարներից, գրքերը հիմնականում սկսնակների համար թուրքերենի դասագրքեր են, ինչպես նաև այլ դպրոցական առարկաների թուրքերեն դասագրքեր։
Հավելենք, որ Թուրքիան տարբեր ուղղություններով բավական ակտիվ գործունեություն է ծավալում Կոսովոյում, այն որպես անկախ պետություն ճանաչած առաջին երկրներից։
Թուրքիան Կոսովոյում իր քաղաքականությունն իրականացնում է նաև տեղի թուրքական խաղաղապահ զորախմբի միջոցով, որը կապեր է հաստատել Կոսովոյի տարբեր հասարակական կազմակերպությունների հետ և տրամադրում է տարատիպ օգնություն, համատեղ միջոցառումներ, հանդիպումներ կազմակերպում, ինչն էլ ծառայում է որպես քարոզչություն Թուրքիայի օգտին։
Հավելենք, որ Թուրքիան Կոսովոյում ունի շուրջ 380 խաղաղապահ։