Սիրիայի ազատ բանակ ընդդիմադիր խմբավորումը նոր առաջնորդ ունի

Սիրիայի ազատ բանակ խմբավորման առաջնորդը փոխվել է։ Խմբավորման ռազմական խորհուրդը որոշել է գեներալ Սալիմ Իդրիսին հեռացնել՝ նրա պաշտոնը վստահելով գեներալ Աբդել ալ Իլա ալ-Բաշիրին։

Սալիմ Ինդրիս

Սալիմ Ինդրիս

Ինչպես հետևում է փետրվարի 16-ին տարածած տեսագրությունից, Իդրիսի հեռացման պաշտոնապես հաղորդված պատճառը «Բաշար Ասադի վարչակազմի դեմ պայքարում Սիրիայի ընդդիմության առջև ի հայտ եկած լուրջ դժվարություններն են»։

Հիշեցնենք, որ Սալիմ Իդրիսը Սիրիայի կառավարական բանակում զբաղեցնում էր բրիգադի գեներալի պաշտոն մինչև 2012-ի հուլիսը, երբ նա ինքնակամ դասալքեց։ 5 ամիս անց Իդրիսին նշանակեցին Սիրիայի Ազատ բանակի գլխավոր շտաբի պետ՝ ըստ էության, գլխավոր հրամանատար։

Բրիտանական Telegraph պարբերականն իր հերթին տեղեկացնում է՝ Իդրիսը բազմիցս քննադատության էր ենթարկվել նույն  Սիրիայի ազատ բանակի ռազմական խորհրդի կողմից ռազմական գործողությունների սխալ ծրագրման ու զենք-զինամթերքի ոչ նպատակահարմար բաշխման պատճառով։

Նկատենք նաև, որ 2013-ի դեկտեմբերի սկզբին լուրեր էին տարածվել՝ Իդրիսը Քաթար է փախչել Սիրիայի ծայրահեղ իսլամիստական խմբավորումների ճնշման ներքո, երբ «Իսլամական ճակատի» զինյալները գրավել էին նրա գրասենյակը։ Սիրիայի Ազատ բանակը հերքել էր այս տեղեկությունը։

Սիրիայի քաղաքացիական պատերազմը մեկնարկել է 2011-ի գարնանը։ Բաշար Ասադի դեմ մարտնչող իսլամիստական խմբավորումների մի մասը միավորվել է «Իսլամական ճակատի» կազմում, իսկ Սիրիայի ազատ բանակը հրաժարվել է միավորման գաղափարից։

Հավելենք, որ 2014-ի հունվարի սկզբին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները բացեիբաց սպառնալիքներ էին հղել Սիրիայի ազատ բանակի անդամներին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *