Թուրքական ընկերության նավի անձնակազմը ձերբակալվել է Աբխազիայի ջրային տարածքում

Վրաստանի սահմանապահները փետրվարի 15-ին Սև ծովում կասեցրել են Պանամայի դրոշի ներքո ընթացող նավը, որը հայտնվել էր Աբխազիայի ջրային տարածքում: Նավը պատկանում է թուրքական ընկերությանը, իսկ նավի կապիտանն Ադրբեջանի քաղաքացի է:

Թուրքական Buket ընկերության նավը

Թուրքական Buket ընկերության նավը

Այս մասին հաղորդում է վրացական «Գրուզիաօնլայն» լրատվակայքը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Նախնական տեղեկության համաձայն՝ նավը հարկադրաբար անցել է Փոթիի նավահանգիստ: Նավի անձնակազմին արդեն մեղադրանքներ են հարուցվել «արգելված գոտի առանց թույլտվության ներխուժելու և միջազգային իրավունքները խախտելու» հարցում:

Նկատենք, որ չի հաղորդվում՝ որ թուրքական ընկերության մասին է խոսքը, ով է Ադրբեջանի քաղաքացի կապիտանը, ինչու էր նավը կրում Պանամայի դրոշը և ինչ նպատակով էր հասել այդտեղ: Չի բացառվում, որ նավը պատկանում էր թուրքական Buket ընկերությանը, որի նավերի մի մասը Պանամայի դրոշի ներքո են շահագործվում։

Նշենք, որ Թուրքիան սերտ տնտեսական կապեր ունի Աբխազիայի հետ, ինչը Վրաստանի իշխանությունների կողմից խիստ բացասական է ընկալվում։ Թուրքական տարբեր ընկերությունների նավերի անձնակազմերը բազմիցս ձերբակալվել են Աբխազիայի ջրային տարածք մուտք գործելիս։

Նմանատիպ աղմկահարույց դեպք էր արձանագրվել 2009-ին, երբ թուրքական Buket ընկերությանը պատկանող տանկերի անձնակազմը՝ 14 հոգի Թուրքիայի, 4-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ, հարկադրված էին եղել Վրաստանի իշխանություններին վճարել 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ կապիտանը դատապարտվել էր 24 տարի ազատազրկման, տանկերն էլ դրվել էր աճուրդի։ 2010-ին կապիտանն ազատ էր արձակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *