Լեհաստանը կարող է երկարաձգել Սու-22-ների շահագործումը

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը որոշել է առայժմ շարունակել Սու-22 կործանիչ-ռմբակոծիչների շահագործումը։ Դրանք դեռ կարող են Լեհաստանի ռազմաօդային ուժերի կազմում մնալ երեքից տասը տարի։ Այս մասին հայտնում է լեհական Dziennik Zbrojny  ռազմական լրատվակայքը։

Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ. Լեհաստանի ՌՕՈւ

Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ. Լեհաստանի ՌՕՈւ

Լեհաստանի պաշտպանության նախարար Տոմաշ Սեմոնյակը երկրի զինված ուժերի 21-րդ տակտիկական ավիաբազա կատարած այցելության ժամանակ հայտարարել է, որ Սու-22 (ռուս.՝ Су-22) կործանիչ-ռմբակոծիչների շահագործումը կարող է երկարաձգվել և դրա մասին վերջնական որոշում կկայացվի 2014-ի մարտին։ Ներկայումս լեհական ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) կազմում առկա Սու-22 ինքնաթիռները շահագործվում են դեռևս 1980-ից և այս ընթացքում որևէ արդիականացում չեն անցել։

Շահագործման ժամկետի երկարացման դեպքում որոշումը չի անդրադառնա բոլոր կործանիչ-ռմբակոծիչների վրա։ Լեհական ՌՕՈւ կազմում առկա է 32 միավոր Սու-22, որոնցից 16-ը ցանկացած դեպքում դուրս են գրվելու հետագա շահագործումից։ Կործանիչ-ռմբակոծիչների մյուս մասն էլ կարդիականացվի և դրանցից կկազմվի մեկ էսկադրիլիա։

Նշենք, որ այս հայտարարությունը բազմաթիվ տարակարծությունների առիթ է դարձել Լեհաստանում։ Դեռևս 2012-ին ՊՆ Սեմոնյակը հայտարարել էր, որ Սու-22-ների արդիականացում չի լինի և փոխարենը ՌՕՈւ-ն կհամալրվի հարվածային անօդաչուներով։ Ավելի վաղ հայտարարվում էր, որ մինչև 2018-ը Լեհաստանի զինված ուեժրը կհամալրվի 30 հարվածային անօդաչուներով։

Իսկ ներկայիս շրջադարձային հայտարարությունը կարող է նշանակել, որ Լեհաստանը դեռևս լավ չի հաշվարկում իր ֆինանսական կարողություններն ու ըստ այդմ, գնումների պլանավորումը ենթարկվում է փոփոխության։ Շրջանառվող մեկ այլ տեսակետի համաձայն էլ՝ որոշվել է այդուամենայնիվ երկարաձգել Սու-22-ների շահագործումը՝ ժամանակ շահելու և հետագա մեծածավալ գնումների համար ֆինանսական միջոցներ կուտակելու համար։

Հավելենք, որ ներկայումս Լեհաստանի ՌՕՈւ-ի ավիապարկում առկա են 32 միավոր Սու-22 կործանիչ-ռմբակոծիչ, 32 ՄիԳ-29 կործանիչ (ռուս.՝ МиГ-29) և 48 միավոր F-16 կործանիչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *