Ռազմաշաբաթ. Վրաստան. փետրվարի 10-15

Դելտա գիտատեխնիկական կենտրոնը զինվորականներին է ներկայացրել վրացական արտադրության զրահաբաճկոն և սաղավարտ։ Վրաստանում անցկացվել է ՆԱՏՕ-ի զիվնորական կոմիտեի նիստ։ 2015-ից Վրաստանը կկազմի ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս։ Մինչև տարվա վերջ Վրաստանի զինված ուժերը կփոխարինեն բոլոր Մի ուղղաթիռները Bell UH-1 Iroquois-ներով։  Նշանակվել է պաշտպանության նոր փոխնախարար։ Վրաստանի ՊՆ պատվիրակությունն այցելել է Գերմանիայում տեղակայված Հոենֆելս ռազմաբազա։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան
Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքի

” Փետրվարի 10-ին Վրաստանի զինված ուժերի ռազմակայաններից մեկում կայացավ վրացական արտադրության զրահաբաճկոնի և սաղավարտի ցուցադրությունը։ Վրացական պաշտպանական նոր արտադրանքը մշակվել է Դելտա ռազմական գիտատեխնիկական կենտրոնում։ Ցուցադրության ավարտին հրաձգարանում կայացավ վրացական ռազմական նոր արտադրանքի փորձարկումը։

” Փետրվարի 11-ին պաշտոնական այցով Վրաստան է ժամանել ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի պատվիրակությունը՝ կոմիտեի նախագահ գեներալ Կնուդ Բարտելսի գլխավորությամբ։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի և պաշտոնատար այլ անձանց հետ։ Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։

” ՆԱՏՕ-ի զինվորական կոմիտեի նախագահի հետ հանդիպումից հետո Վրաստանի ՊՆ Իրակլի Ալասանիան հայտարարեց, որ ընդունվել է որոշում՝ 2015-ից Վրաստանի ԶՈւ-ն դառնալու է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մաս։ Որոշված է նաև Վրաստանի հովանավոր պետությունը, որը կլինի ԱՄՆ-ն, ինչն ըստ նախարարի նշանակում է, որ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ թևակոխում է բոլորովին նոր փուլ։

” Վրաստանի զինված ուժերում մեկնարկել է ուղղաթիռային պարկի թարմացման գործընթացը, ինչի ընթացքում խորհրդային արտադրության Մի (ռուս.՝ Ми) ուղղաթիռները փոխարինվելու են ամերիկյան Bell UH-1 «Iroquois»-ներով։ Բոլոր այն միջոցները, որոնք նախատեսվում էր հատկացնել խորհրդային ուղղաթիռների վերանորոգման և սպասարկման վրա, կուղղվեն ամերիկյան ուղղաթիռների գնմանը։ Գործընթացը կավարտվի մինչև 2014-ի վերջը։

” Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել Վարլամ Ավալիանին։ Համապատասխան հրամանագիր է ստորագրել վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ Վրացական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նորանշանակ փոխնախարարի պատասխանատվության ոլորտն է լինելու սոցիալական դաշտն ու հանրային կապերը։

” Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՊՆ Իրակլի Ալասանիայի գլխավորությամբ այցելել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան Հոենֆելս ռազմաբազա։ Վերապատրաստման միացյալ բազմազգ կենտրոնում պատրաստություն են անցնում Վրաստանի ԶՈւ լեռնային հետախուզական 23-րդ գումարտակն ու հետևակային երկրորդ բրիգադը՝ հետագայում Աֆղանստան ուղարկվելու նպատակով։ Վրացական պատվիրակության անդամները ծանոթացել են վրաց-ամերիկյան վերապատրաստման համատեղ գործընթացին։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *