Հայտնի են Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը մասնակից 2 ընկերությունները

Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը փետրվարի 14-ին հայտարարել է Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը մասնակից ընկերություններ ընտրելու մրցույթի հաղթողներին:

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Քիմիական զենքի արգելման կազմակերպության աշխատակիցը

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, քիմիական նյութերի ոչնչացումն իրականացնելու են ֆիննական Ekokem AB և ֆրանսիական Veolia ընկերությունները: Ողջ գործընթացի համար Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը հատկացնելու է 22 մլրդ ԱՄՆ դոլար:

Ակնկալվում է, որ երկու ընկերությունները միասին կոչնչացնեն 500 տոննա քիմիկատներ, մի քանի միլիոն լիտր քիմիական նյութ:

Հավելենք, որ Սիրիայում քիմիական զենքի պաշարների դուրսբերման գործընթացը մեկնարկել էր հունվարի 8-ին։ Սիրիայի երկու պահեստների քիմիական զենքը բերվել էր Լաթաքիայի նավահանգիստ, ապա տեղափոխվել դանիական նավի վրա։ Նավին ուղեկցել էին Դանիայի, Նորվեգիայի ու Սիրիայի ռազմածովային պահակախմբերը։

2013-ի դեկտեմբերի սկզբին ԱՄՆ իշխանությունները խոստացել էին առաջիկայում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը տրամադրել հատուկ սարքավորումներով օժտված նավ՝ բաց ծովում Սիրիայի քիմիական զենքի պաշարների ոչնչացման համար:

Մեծ Բրիտանիան համաձայնել էր պաշարների մի մասն իր տարածքում ոչնչացնել։ Քիչ վտանգ ներկայացնող քիմիական նյութերը դուրս են բերվել նորվեգական և դանիական նավերով, ապա չեզոքացվելու են հենց ընտրված վերոհիշյալ ընկերությունների ջանքերով։

Սիրիայի քիմիական «զինաթափման» գործընթացին մասնակցում են ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Դանիան, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Չինաստանն ու Նորվեգիան։

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարությունը համաձայնություն էր տվել քիմիական զենքի իր պաշարների ոչնչացման հարցում, երբ 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում խաղաղ բնակիչների դեմ ենթադրաբար քիմիական զենք էր կիրառվել ու մեղադրանքներ էին հնչել իշխանությունների դեմ: Դրանք հարմար առիթ էին դարձել Արևմուտքի համար Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ծավալելու շրջանակներում: Համանման զարգացումներից խուսափելու նպատակով՝ Սիրիայի կառավարությունը թույլատրել էր ՄԱԿ-ի փորձագետների մուտքն ու հետազոտություններն իր տարածքում՝ միաժամանակ քիմիական զենքի օգտագործման մեղադրանքներ հղելով Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալների խմբավորումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *