Համացանցում տարածվել է Սիրիայում կռվող ադրբեջանցիների մասնակցությամբ տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ադրբեջանական մամուլի համաձայն՝ Սիրիայում «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում կռվող ադրբեջանցիները գրավել են նավթային հանքերից մեկը։

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանի զինյալներ՝ Սիրիայում

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ տեսանյութում ներկայացված զինված խումբը գլխավորում է ադրբեջանցի զինյալ Խաթաբ ալ Ազերին։

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ տեսանյութում ալ Ազերին մեղադրանքներ է հղում Սիրիայի Ազատ բանակի զինյալներին՝ «ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի շահերին ծառայելու համար, քանի որ Սաուդյան Արաբիայի ու Բաշար Ասադի միջև չկան տարբերություններ»։

Այս տեսագրությունը հերթական անգամ վկայում է, որ Սիրիայի զինյալների շարքերում ևս լուրջ տարաձայնություններ կան։

Ադրբեջանցի լրագրողները տեսագրության առնչությամբ դիմել են ԱԳՆ-ին։

ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաևը հերթական խուսափողական պատասխանն է տվել՝ ընդգծելով, որ դեռ պետք է պարզել՝ արդյոք տեսանյութում ադրբեջանցիներ են, ապա անցկացնել հետաքննություն, որից հետո միայն հնարավոր կլինի խոսել օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու մասին։ Իսկ թե երբ կձեռնարկվեն նման քայլեր, Աբդուլաևի պատասխանից պարզ չէ։

Ուշագրավ է, որ քաղաքական փորձագետ Արիֆ Յունուսովի կարծիքով՝ տեսանյութում ներկայացված անձինք իրենց չեն բնորոշում որպես «ադրբեջանցիներ», այլ անվանում են «ջիհադականներ», ուստի հնարավոր չէ հաստատապես ասել՝ արդյոք Խաթաբ ալ Ազերիի գլխավորությամբ նավթահանքը գրաված զինյալները բոլորն անխտիր Ադրբեջանի քաղաքացիներ են։

Իրավիճակը մեկնաբանել են նաև Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավորները՝ կոչ անելով իրավապահ մարմիններին խնդիրը  հիմքից լուծելու քայլեր անել՝ կանխելով ադրբեջանցիների հոսքը Սիրիա։

Այն, որ խնդիրը դուրս է եկել պարզապես Սիրիա մեկնող ադրբեջանցի զինյալների թեմայի շրջանակներից, ակնհայտ էր դեռևս հունվարի վերջին, երբ երկու իսլամիստական ահաբեկչական խմբավորումներ սպառնացել էին Ադրբեջանի իշխանություններին։ Այսօր արդեն իսլամիստները համացանցում սպառնալիքներ են հղել Սիրիայում մարտնչող ադրբեջանցի զինյալների խնդիրը լուսաբանող լրագրողներ Հաֆիզ Հեյդարովին ու Հան Թուրալին։

Նկատենք, որ ադրբեջանցիներն առնվազն 2012-ից մեկնում են Սիրիա՝ միանալով հիմնականում Բաշար Ասադի դեմ կռվող ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին և դառնալով զինյալ ահաբեկիչներ, սակայն Ադրբեջանի պատկան մարմինները և ադրբեջանական մամուլը խնդրի մասին բարձրաձայնում են միայն 2013-ի վերջից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *