Իրանի և Ադրբեջանի՝ երկու փուլով ընթացած բանակցությունների արդյունքում փետրվարի 14-ին Նախիջևանի հետ սահմանային հսկիչ անցակետին կից շահագործման է հանձնվել տրանսպորտային միջոցների համար նախատեսված նոր կամուրջը։
Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Այինը շեշտել է՝ հին կամուրջն այսուհետ ծառայելու է հետիոտնի համար։
Դեսպանի խոսքերով՝ կամուրջը շահագործման է հանձնվել շնորհիվ երկու երկրների ԱԳՆ և պետական սահմանապահ ծառայության պատվիրակությունների արդյունավետ հանդիպումների։
Նկատենք, որ Արաքս գետի վրայի հին կամուրջն արդեն հնացել էր ու դարձել վտանգավոր տրանսպորտային միջոցների համար։ Իրանն արգելել էր 30 տոննայից ավել զանգված ունեցող բեռներ տեղափոխել դրա վրայով։
Հիշեցնենք նաև, որ 2013-ի նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու գրանցված սահմանային հրաձգության հետևանքով Իրանը փակել էր Ադրբեջանի համար կենսական նշանակության անցակետեր, այդ թվում՝ Ջուղայինը։
Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային հաղորդակցումն անցնում է Իրանի տարածքով։