Կայացել է Հարավային և Հյուսիսային Կորեաների բարձր մակարդակի հանդիպումը

Փետրվարի 13-ին Փհանմունջ սահմանային անցակետում մեկնարկել է Հարավային Կորեայի և Հյուսիսային Կորեայի պատվիրակությունների բարձր մակարդակի հանդիպումը։ Քննարկվել են ռազմական ոլորտի, պատերազմի հետևանքով տուժած ընտանիքների, զբոսաշրջության հարցեր։

Նկատենք, որ հանդիպման նախօրեին Սեուլ էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Նա ողջունել է կողմերի՝ երկարատև դադարից հետո կայացած երկխոսությունը։

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, Հարավային Կորեայի կողմից հանդիպմանը մասնակցել է ազգային անվտանգության քարտուղարության ղեկավար Կիմ Հյու Հենը, իսկ Հյուսիսային Կորեայի կողմից՝ Միացյալ ճակատի ղեկավարի տեղակալ Վոն Դոն Էնը։

Ավելի վաղ Հարավային Կորեան հայտարարել էր՝ մտադիր է քննարկել 1950-1953 թթ. պատերազմի հետևանքով բաժանված ընտանիքների խնդիրները։ Մյուս հավանական քննարկված հարցը թերևս փետրվարի 24-ին ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ լայնամասշտաբ զորավարժություններն են, որոնց անցյալ տարի խիստ դեմ էր արտահայտվել Հյուսիսային Կորեան։

Եթե սույն բանակցությունների արդյունքները լինեն դրական, ապա դրանք շարունակական կդառնան։ Հաղորդվում է, որ հաջորդ նման հանդիպումը նախատեսված է փետրվարի 20-25-ին, սակայն պաշտոնական աղբյուրները դեռևս չեն հաստատել այս տեղեկությունը։

Հիշեցնենք, որ նմանօրինակ առաջին հանդիպումը կայացել է 1985-ին։ Դրանից հետո երկու երկրներում բնակվող նույն ընտանիքի անդամները հնարավորություն էին ստացել տեսակցելու։ 2000-2010-ին անցկացվել են 18 միջոցառումներ. դրանց ընթացքում հանդիպել են ավելի քան 3800 ընտանիքների անդամներ։

Հավելենք նաև, որ երկու երկրների հարաբերությունները վատթարացել էին 2013-ի փետրվարին, երբ Հյուսիսային Կորեան միջուկային փորձարկումներ էր անցկացրել։ Փորձագետների կարծիքով՝ Հյուսիսային Կորեան չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից մոտ ժամանակներս։

2013-ի մայիսի վերջին արդեն պաշտոնական Փհենյանը հանդես է եկել խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությամբ։ Վերջին համանման համաձայնագիրը կնքվել է 1953-ի հուլիսի 27-ին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *