Մեծ Բրիտանիան ու Հնդկաստանը համատեղ զրահապատ մեքենա են ներկայացրել

Բրիտանական Supacat ու Հնդկական Tata ընկերություններն իրենց համատեղ նախագծած թեթև զրահապատ բազմանպատակային LAMV (Light Armoured Multipurpose Vehicle) մեքենան  են ներկայացրել Հնդկաստանում անցկացված DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։

Մեքենան երկու ընկերությունները նախագծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարության պատվերով։ Նրա համար որպես հիմք է վերցվել բրիտանական ընկերության նախկինում պատրաստած Supacat 400 (SPV400) մեքենան։ Հնդկական պատվերով մեքենայի վրա ուժեղացվել է պաշտպանվածությունը։ Մեքենան նախագծվել է V-աձև հատակով, ինչը նախատեսված է ականների ու ինքնաշեն պայթուցիկների պայթյունից պաշտպանվելու համար։ Մեքենայի անձնակազմը պաշտպանում է նաև շերտավոր զրահը։

Հնդկական Tata ու բրիտանական Supacat ընկերությունների նախագծած MRAP զրահամեքենան

Հնդկական Tata ու բրիտանական Supacat ընկերությունների նախագծած MRAP զրահամեքենան։ Նկարը military-informant.com կայքի

Ըստ հնդկական կողմի՝ մեքենան հարմար կլինի զինված ուժերում հետախուզության, ինչպես նաև սրընթաց հարձակումներ իրականացնելու համար։

Նոր մեքենան MRAP (Mine-Resistant Ambush Protected – Ականային պայթյուններից ու դարանից հարձակումներից պաշտպանված) զրահապատ մեքենաների դասի է։ Այս զրահապատ մեքենաները հիմնականում նախատեսված են զինված խմբավորումների դեմ մարտերի համար։ Զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը V-աձև հատակն է։

Հատակի նման կառուցվածքի շնորհիվ ականի պայթյունի դեպքում հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *