Հարավային Կորեան կարող է Global Hawk ԱԹՍ-ներ գնել

Անօդաչու թռչող սարքեր արտադրող Northrop Grumman ընկերությունը նախատեսում է, որ շուտով Կորեայի Հանրապետությունը (Հարավային Կորեա) կստորագրի 4 Global Hawk անօդաչու թռչող սարքեր գնելու մասին պայմանագիրը։

Այս մասին հայտարարել է արտադրող ընկերության տնօրենի՝ բարձր ու երկարաժամկետ թռիչքներ իրականացնող ԱԹՍ-ների (High-Altitude Long-Endurance – HALE) գծով տեղակալը, ինչի մասին հայտնում է Ջեյնս ռազմական հանդեսը։

Ընկերությունը առաջին անգամ նման պայմանագրի առաջարկ Հարավային Կորեային արել է դեռևս 2012-ին: Առաջարկի մեջ մտնում էր հետախուզական համալիրներով 4 միավոր RQ-4 Block.30 Global Hawk անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև կից սարքավորումների տրամադրումը։ Գործարքի արժեքն արտադրողը սահմանել էր 1,2 մլրդ ԱՄՆ դոլար։

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Անօդաչու թռչող սարքերի համալիրի մեջ մտնում էին դիտարկման ու հայտնաբերման կատարելագործված համակարգեր, այդ թվում՝ էլեկտրաօպտիկական ու ինֆրակարմիր դիտարկման սաքրավորումներ, ռադիոտեղորոշման կայաններ, ցամաքային թիրախների շարժման հայտնաբերման ինդիկատորներ և այլն։ Գործարքի արժեքի մեջ մտնում էին նաև ռադիոհետախուզության ու ստացված նկարների մշակման համակարգերը։

Առաջին գործարքը, սակայն, չկայացավ, քանի որ դրա գինը ենթադրաբար շատ բարձր էր։

Դրանից հետո ամերիկյան արտադրողը գործարքի վերահաշվարկ կատարեց, ինչից հետո դրա արժեքը կազմեց 845 մլն ԱՄՆ դոլար։ Հենց այս գնով է ներկայումս ընկերությունն առաջարկում գնել անօդաչու թռչող սարքերը։ Պայմանագրի կնքման համար Northrop Grumman-ը սպասում է Հարավային Կորեայի  համաձայնությանը։

Հավելենք, որ Global Hawk RQ-4 ռազմավարական հետախուզական ԱԹՍ-ն ունակ է բացել մինչև 800 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 19.8 կմ բարձրության վրա, մինչև 24.9 հազար կմ հեռավորության պայմաններում (Համեմատելու համար՝ այն մի թռիչքով կարող է կատարել շուրջերկրյա ճանապարհորդության կեսից ավելին)։ Այն կարող է օդում մնալ մինչև 36 ժամ։ RQ-4-ի կողային սարքավորումներն ընդգրկում են ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոէլեկտրոնային հետախուզման համակարգեր։

Global Hawk անօդաչու թռչող սարքեր ներկայումս կան միայն ԱՄՆ զինված ուժերի սպառազինության մեջ։ Դրանցից օգտվում է նաև ՆԱՍԱ-ն։ ԱԹՍ-ների մոտավոր գինը մոտ 222 մլն ամերիկյանդոլարէ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *