Ռուսաստանն ու Եգիպտոսը նախաստորագրել են ավելի քան 3 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագիր, որը ենթադրում է սպառազինության և ռազմական տեխնիկայի տրամադրում եգիպտական կողմին։
Ինչպես հաղորդում է ռուսական «Վեդոմոստի» պարբերականը, 2014-ի փետրվարի 13-ին կայացել են բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի ու Եգիպտոսի ներքին գործերի նախարար Նաբիլ Ֆահմիի միջև։
Նկատենք, որ «Վեդոմոստին» հղում է տալիս սեփական ռազմական աղբյուրներին, սակայն պետք է ասել՝ կողմերի հանդիպումից հետո որևէ պայմանագրի նախաստորագրման կամ կողմերի համաձայնության վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չեն հնչել։
«Վեդոմոստին» հավաստիացնում է, որ Եգիպտոսը մտադիր է ՌԴ-ից ձեռք բերել ՄիԳ-29Մ/Մ2 կործանիչներ, մի քանի տիպի զենիթահրթիռային համալիրներ, Մի-35 ուղղաթիռներ, առափնյա հականավային համակարգեր, թեթև սպառազինություն։
Նշենք, որ ավելի վաղ սպառազինության հավանական գնումների շուրջ Եգիպտոսում բանակցություններ էին վարել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Հավելենք, որ Եգիպտոսի՝ ռուսաստանյան սպառազինություն գնելու ծրագրերի մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2013-ի նոյեմբերին։ Այդ ժամանակ հնարավոր գործարքը գնահատվում էր ընդհանուր առմամբ 4 մլրդ ԱՄՆ դոլար։
Եթե Եգիպտոսն այնուհանդերձ վերջնականապես ստորագրի պայմանագիրը, ապա այն կդառնա 1972-ից ի վեր ռուս-եգիպտական ամենախոշոր գործարքը ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում։