Osprey կոնվերտոպլանների վրա կարող են սպառազինություն տեղադրել

ԱՄՆ ռազմաօդային ուժերի հատուկ գործողությունների հրամանատարությունը մտադիր է վերափոխել Osprey կոնվերտոպլանները ու դրանց վրա տեղադրել սպառազինություն։ Կոնվերտոպլանները դրանից հետո կծառայեն որպես օդից կրակային աջակցություն ապահովելու միջոց։

Այս մասին, ըստ Ջեյնս ռազմական հանդեսի, Սինգապուրի ավիացուցահանդեսի ժամանակ հայտնել է ԱՄՆ ռազմածովային ուժերի Osprey կոնվերտոպլանների վարչության պետը։ Նա սակայն չի հստակեցրել, թե կոնվերտոպլանների որ տարբերակի վրա կտարվեն աշխատանքները։ Դրանք կարող են իրականացվել թե´ ռազմածովային ուժերի MV-22 և թե´ հատուկ գործողությունների հրամանատարության CV-22 տարբերակների վրա։

Հայտնի չէ նաև, թե ինչ տիպի սպառազինություն կարող է տեղադրվել կոնվերտոպլանների վրա։ Ենթադրություններ կան, որ դրանց վրա կարող են ամրացվել հրթիռներ։ Սակայն հրթիռները կոնվերտոպլանների թևերի տակ ամրացնելու դեպքում դրանք չեն կարող արձակվել կոնվերտոպլանի ինքնաթիռային ռեժիմում, քանի որ թևերի վրա ամրացված պտուտակներն այդ ռեժիմում կփակեն հրթիռների ճանապարհը։

Քննարկման ենթակա է նաև այն տարբերակը, որ սպառազինությունը տեղադրվի ինքնաթիռի իրանի ստորին հատվածում կամ կողային մասերում, սակայն դրա համար փոփոխություններ պիտի կատարվեն կոնվերտոպլանի ամբողջ կառուցվածքում:

Կոնվերտոպլանն օդաչուավոր թռչող սարք է, որի պտուտակները շրջվող են ու կարող են հորիզոնական դիրքից անցնել ուղղահայաց դիրքի և հակառակը։ Դրա շնորհիվ կոնվերտոպլանը օդ է բարձրանում ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական թռիչքով։

V-22 Osprey ամերիկյան կոնվերտոպլանը ներկայում միակն է, որ սերիական արտադրության է։ Այն նախագծվել է շուրջ 30 տարի, իսկ սպառազինության վերցվել է 2005-ին։ Կոնվերտոպլանի անձնակազմը 3 կամ 4 մարդ է՝ կախված արդիականացումից, կարող է տեղափոխել մինչև 24 դեսանտային։

Կոնվերտոպլանի զանգվածը 15 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ 24-26 տոննա։ 2 շարժիչների ընդհանուր հզորությունը 12.300 ձիաուժ է, ինչի շնորհիվ կոնվերտոպլանը «ուղղաթիռային» ռեժիմում զարգացնում է մինչև 185 կմ/ժ արագություն, «ինքնաթիռային» ռեժիմում՝ 580 կմ/ժ։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 7,6 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ մոտ 2600 կմ։

Osprey կոնվերտոպլանի մոտավոր գինը 66 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս այն ընդգրկված է միայն ԱՄՆ սպառազինության մեջ։

Վերջերս հայտնի էր դարձել, որ Իսրայելը կդառնա ԱՄՆ-ից հետո առաջին երկիրը, որին կտրամադրվի Osprey կոնվերտոպլանը։ Ամերիկյան կողմը պատրաստվում է 6 միավոր Osprey վաճառել իսրայելցիներին։

Առաջին Osprey կոնվերտոպլանը կդառնա թանգարանային նմուշ՝ 10-ից ավել տարի փորձարկումների համար ծառայելուց հետո։ Այն հանվելու է ծառայությունից և տրամադրվելու է Ռայթ Փեթերսոն ավիաբազայի թանգարանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *