Աֆղանստանի իշխանությունները բանտից ազատել են 65 զինյալի

Աֆղանստանի իշխանությունները փետրվարի 13-ին բանտից ազատել են Բահրամի կալանավայրի 65 բանտարկյալի, որոնք թալիբներ են ու մեղադրվում են հիմնականում ահաբեկչության համար։

Աֆղանստանի թալիբներ

Աֆղանստանի թալիբներ

Նկատենք, որ այս հանգամանքը քննադատության է արժանացել ԱՄՆ-ի կողմից. կա վտանգ, որ ազատված թալիբները կարող են վերադառնալ իրենց խմբավորումների շարքերը՝ կրկին սպառնալիք ներկայացնելով Աֆղանստանի կառավարական ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զինծառայողների համար։

Ընդ որում, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը վստահեցնում է՝ թալիբներին ազատելը ճիշտ քայլ էր, քանի որ նրանք «կալանավայրում դառնում են ավելի ծայրահեղական գաղափարների տեր, սկսում են ատել իրենց հայրենիքը»։

Ինչպես հաղորդում է արաբական Al Jazeera լրատվական գործակալությունը, ԱՄՆ-ի տվյալներով՝ ազատված բանտարկյալների մեծ մասն առնչություն ունի զինծառայողների դեմ կազմակերպված ահաբեկչությունների հետ, որոնց պատճառով սպանվել կամ վիրավորվել են ՆԱՏՕ-ի 32 զինծառայող, Աֆղանստանի 23 բնակիչ։

Հավելենք, որ Աֆղանստանի իշխանությունները մտադիր են բանտից ազատել ընդհանուր առմամբ 650 զինյալի՝ հավաստիացնելով՝ նրանց հանցանքի բավարար ապացույցներ չեն հայտնաբերվել։ ԱՄՆ-ն արդեն ներկայացրել է 650-ից 88 զինյալի՝ ահաբեկչական գործողություններ իրականացնելու ապացույցներ, սակայն Աֆղանստանի իշխանությունները չեն արձագանքել։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի զորքերը պետք է հեռանան Աֆղանստանի տարածքից մինչև 2014-ի վերջը։ Նախատեսվում է, որ այնուհանդերձ զինծառայողների մի մասը կմնա երկրում՝ զինուժին և ոստիկանությանը աջակցելու, վերապատրաստման դասընթացներ անցկացնելու նպատակով։ Այս հարցը ևս խնդրահարույց է. մինչ օրս անհայտ է, թե ինչ կարգավիճակում են ՆԱՏՕ-ի տեսուչները շարունակելու ծառայությունն Աֆղանստանում, բացի այդ էլ չի կնքվել նրանց մնալու վերաբերյալ հավելյալ համաձայնագիր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *