Հայտնի է Ռուսաստանում տանկի պայթյունի պատճառը

Փորձաքննությունը պարզել է, որ Ռուսաստանի Խաբարովսկի շրջանի զորավարժարաններից մեկում վարժանքների ժամանակ տանկի ներսում զինամթերքը պայթել է նրա փողի գործարանային խոտանի պատճառով։ Պայթյունի պահին տանկի թնդանոթի փողի փակաղակի հատվածում ճեղք է եղել, ինչպես նշում է amurmedia.ru գործակալությունը։

Փորձաքննությանը մասնակցել է նաև ռուսաստանյան Ուրալվագոնզավոդ ընկերության ներկայացուցիչը, որտեղ տվյալ տանկը ժամանակին արդիականացվել էր։ Ըստ փորձագետի՝ տանկի անձնակազմի մեղքը բացակայում է, քանի որ պատճառը ժամանակին չհայտնաբերված խոտանն է եղել։ Սրա մասին է խոսում նաև այն փաստը, որ հայտնաբերված թնդանոթի փակաղակը վնասված չէ, ինչը նշանակում է, որ անձնակազմը պայթյունից առաջ այն չի բացել։

Հիշեցնենք, որ պատահարը եղել է հունվարի 30-ի գիշերը Ռուսաստանի Խաբարովսկի զորավարժարաններից մեկում։ Զինամթերքի պայթյունի արդյունքում մահացել է տանկի անձնակազմը՝ մեկ սպա ու երկու ժամկետային։

Զորամասում հավաստիացնում են, որ վարժանքներից առաջ տեխնիկայի անվտանգությանն առնչվող բոլոր գործողությունները կատարել են. հանձնաժողովը ստուգել է զինտեխնիկան, սպառազինությունը, արկերը, զինամթերքը, տանկի անձնակազմը թույլտվություն է ունեցել վարժանքներին կրակ բացելու, իսկ վարժանքներից րոպեներ առաջ տանկի ներսից հրամանատարը տեղեկացրել է, որ իրենք պատրաստ են սկսելու։

Նկատենք, որ 2013-ին արձանագրվել են արկերի կամ զինամթերքի պայթյունների մի շարք միջադեպեր ՌԴ զորավարժարաններում։ 2013-ի հոկտեմբերի վերջին Պսկովի մերձակայքում զինամթերքի պայթյունից մահացել էին 6 զինծառայողներ, վիրավորվել՝ 2-ը։ 2013-ի հունիսին խոշոր պայթյուն էր գրանցվել Պրիվոլժիեի զորավարժարանում, տուժել էր 50 հոգի։ 2013-ի դեկտեմբերին Վորոնեժի շրջանի Պոգոնովո զորավարժարանում զինամթերքի ոչնչացման ժամանակ պայթյունի պատճատով վնասվածքներ էր ստացել Ուրալի գործարանի աշխատակիցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *