Ռուսաստանում ռազմական ոստիկանությունը կհամալրվի ռետինե մահակներով և տրավմատիկ ատրճանակներով

Ռուսաստանում շարունակվում են ռազմական ոստիկանության՝ որպես կառույցի կայացման և համալրման աշխատանքները։ Ներկայումս իրականացվում է ռազմական ոստիկանության անձնակազմի նյութատեխնիկական ապահովման գործընթացը։ Արդեն հայտնի է նաև հատուկ միջոցների ցանկը, որով համալրվելու են նորաստեղծ կառույցի աշխատակիցները։ Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

Ռազմական ոստիկանության (ՌՈ) աշխատակիցների զինանոցում կլինեն Օսա տիպի տրավմատիկ ատրճանակներ, ռետինե մահակներ, աղմկալուսային նռնակներ և ձեռնաշղթաներ։ ՌԴ զինված ուժերի արևելյան ռազմական օկրուգի մամուլի պատասխանատու, փոխգնդապետ Ալեքսանդր Գորդեևը հայտնել է, որ հատուկ միջոցներով համալրման գործընթացն արդեն սկսվել է և ընդհանուր առմամբ ավելի քան 1000 միավոր հատուկ միջոց փոխանցվել է ռազմական ոստիկանությանը։

Բացի վերոնշյալից, նախադրյալներ են ստեղծվել նաև ներքին կարգուկանոնի պահպանման համար։ Մասնավորապես՝ բոլոր զորամիավորումների զորամասերում փակցվել են վստահության հեռախոսահամարներ, որոնցով զինծառայողները կարող են զանգահարել և հայտնել ցանկացած օրինախախտման կամ պատահարի մասին։

ՌԴ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության վարչությունում ներկայումս տարվում են կանոնագրքի մշակման աշխատանքները, որով կսահմանվեն այն դրույթներն ու լիազորությունների շրջանակները, որոնք վերագրվելու են ռազմական ոստիկանությանը։ Ուշագրավ է այն, որ ՌՈ-ն չի զբաղվելու բանակային հանցագործությունների առթիվ հարուցված քրեական գործերի վարույթով։ Նման հարցերով և օպերատիվ-հետախուզական աշխատանքների իրականացմամբ շարունակելու է զբաղվել զինվորական դատախազությունը։

Հիշեցնենք, որ ռազմական ոստիկանություն հիմնելու գաղափարը Ռուսաստանում շրջանառվում էր դեռևս 2009-ից։ 2011-ին ստեղծվեց ռազմական ոստիկանության վարչությունը, իսկ ՌԴ նախագահի՝ 2014-ի փետրվարի 3-ին ստորագրած հրամանագրով հաստատվեց զինված ուժերում ՌՈ-ի ստեղծման օրինագիծը։

Հիշեցնենք նաև, որ ՌԴ զինված ուժերի ռազմական ոստիկանության անձնակազմը սկզբնական շրջանում լինելու է շուրջ 6 500 հոգի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *