Հնդկաստանն առաջարկում է ՌԴ-ին երկարաձգել Վիկրամադիտա ավիակրի սպասարկման ժամկետը

Հնդկաստանը ռուսաստանյան «Սևմաշ» նավաշինական ընկերությանն առաջարկել է երկարաձգել Վիկրիմադիտա ավիակրի երաշխիքային սպասարկման ժամկետը՝ 20 տարուց դարձնելով 40 տարի։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Սևմաշ» ընկերության մամուլի ծառայությանը։

«Պայմանագրի համաձայն՝ ռուսաստանցի մասնագետները 20 տարի ժամանակով կապահովեն նավի երաշխիքային սպասարկումը, սակայն Հնդկաստանը վստահեցնում է, որ այդ 20 տարին կարող է երկարաձգվել մինչև 40 տարի»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ դեռ 2014 թվականի հունվարի սկզբին Վիկրամադիտիա ավիակրին սպասարկող ռուսաստանցի մասնագետներից 100-ը պիտի վերադառնային Ռուսաստան, իսկ 75 հոգին նավի երաշխիքային սպասարկման համար մնալու էին Հնդկաստանում։

Հավելենք, որ երաշխիքային սպասարկման աշխատակիցները Հնդկաստանում աշխատելու են շուրջ մեկ տարի, որից հետո «Սևմաշ» ընկերությունը նախատեսում էր 20-40 տարի ժամկետով նավի սպասարկման պայմանագիր կնքել հնդիկների հետ։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ «Վիկրամադիտիա» անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից չի բավարարել պատվիրատուի պահանջներին ու տարվել է վերանորոգման։
Նավի հանձնումը Հնդկաստանին հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

«Վիկրամադիտիան» թեթև ավիակիր է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *