Փետրվարի 13-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության զորամասերից մեկի զինծառայող, լեյտենանտ Էմին Հումատովը նախնական վարկածով զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով կրակել և վիրավորել է ծառայակից, ավագ լեյտենանտ Սամիր Մամեդովին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է լուրը՝ հավելելով, որ վիրավոր զինծառայողն այժմ հոսպիտալում է։
Չի հաղորդվում, թե Նախիջևանի որ հատվածի զորամասում է գրանցվել միջադեպը։ Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Նկատենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բազմիցս զինուժում ոչ կանոնադրական հարաբերությունների ու բռնության հետևանքով վիրավորվելու և սպանվելու դեպքերը ներկայացրել է որպես «զենքի հետ անզգույշ վարմունք» կամ «ինքնասպանություն»։ 2013-ին հայտնի է դարձել նմանատիպ նվազագույնը 5 դեպքի մասին։