Ռուսաստանը պատրաստ է այսուհետ արտահանել նաև Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները։ Համալիրի արտադրման ծավալները զգալիորեն աճել են և այժմ Ռուսաստանի պետական պատվերի իրականացման հետ մեկտեղ հնարավոր է նաև դրա արտահանումը։ Այս մասին ռուսաստանյան ԻՏԱՐ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հայտնել է Կոլոմենսկի կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն-կոնստրուկտոր Վալերի Կաշինը։
Նրա խոսքերով՝ դեռ մի քանի տարի առաջ, երբ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվերն այս համալիրների համար մեծ չէր, կոնստրուկտորական բյուրոն ակտիվ քայլեր էր ձեռնարկում Իսկանդերի արտահանման և օտարերկրյա գնորդների որոնման ուղղությամբ։ Ռոսոբոռոնէքսպորտի միջնորդությամբ կնքվեց նաև Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի (ՕՄՀՀ) վաճառքի պայմանագիր, որը սակայն չիրագործվեց քաղաքական պատճառներով։ Վալերի Կաշինը չի հստակեցրել, թե կոնկրետ որ պետության մասին է խոսքը, սակայն ինչպես նշում է Jane’s ռազմական հանդեսը, իր տեղեկություններով խոսքը Սիրիայի մասին է։
Հետագայում Ռուսաստանի՝ Իսկանդեր ՕՄՀՀ-ների պետական պատվերի ծավալներն աճեցին չորսից հինգ անգամ և համալիրի արտահանումը նորից հետաձգվեց, իսկ հետաքրքրություն ցուցաբերող երկրներին տեղեկացրեցին, որ արտահանումը հնարավոր կլինի ոչ շուտ, քան 2015-ը։ Այժմ արդեն, երբ կոնստրուկտորական բյուրոն կարողացել է զգալի ծավալներ հաղորդել համալիրի արտադրությանը, կրկին հնարավոր է մտածել արտահանման մասին, և ինչպես բյուրոյի տնօրենն է նշել, արդեն կան երկրներ, որոնք ներկայացրել են համալիրի ձեռքբերման հայտ։
Նշենք, որ Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ինչպես նաև ամրաշինական կառույցների, ռազմական օբյեկտների և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման համար։ Նախագծված է համալիրի երեք մոդիֆիկացիա. Իսանդեր-Մ, Իսկանդեր-Կ և Իսկանդեր-Է։ Վերջինս նախատեսված է արտահանման համար, այդ իսկ պատճառով համալիրի մարտավարա-տեխնիկական բնութագրերը սահմանափակված են։ Իսկանդեր-Է-ն օժտված է 280 կմ հեռահարությամբ, ինչը չի գերազանցում հրթիռային տեխնոլոգիաների վերահսկման ռեժիմով սահմանված 300 կմ-ը։