Մստա-Ս ինքնագնաց հաուբիցը փորձարկումներ է անցնում Հնդկաստանում

2Ս19 Մստա-Ս ինքնագնաց հրետանային համակարգը մասնակցում է Հնդկաստանի հայտարարած զենքի գնման մրցույթին, որով հնդկական զինված ուժերը նախատեսում է գնել 155 մմ ինքնագնաց հաուբիցներ։

Ռուսաստանյան պետական Ռոսօբորոնէկսպորտ ընկերությունը Հնդկաստանին առաջարկել է Մստա-Ս ինքնագնաց հաուբիցները, որոնք համապատասխանում են Հնդկաստանի ներկայացրած պահանջներին։ Ըստ Armyrecognition.com կայքի՝ ներկայումս ռուսական կողմի առաջարկած համակարգերը փորձարկումներ են անցնում Հնդկաստանում։

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Մստա-Ս ինքնագնաց հաուբից. ՌԴ ԶՈւ

Հնդկական զինված ուժերը նախատեսում է այս մրցույթի արդյունքում կնքված պայմանագրով 2020-2025 թվականների ընթացքում ձեռք բերել շուրջ 3600 միավոր 155 մմ-անոց անվավոր ինքնագնաց հաուբիցներ, որոնք Հնդկաստանը տեղավորելու է Փենջաբի նահանգի հյուսիսային հատվածում՝ Պակիստանի սահմանին, ինչպես նաև Արևմտյան Ռաջաստանում։

Խորհրդային/ռուսական Մստա-Ս ինքնագնաց հաուբիցները նախատեսված են հակառակորդի ռազմական տեխնիկայի, հակատանկային ու հակաօդային պաշտպանության, հրետանային համակարգերի, կառույցների ոչնչացման համար։ Այն կազմված է 152,4 մմ 2Ա65 Մստա-Բ հաուբիցից, որը տեղավորված է խորհրդային Տ-80 տանկերի շասսիների վրա։ Ինքնագնաց հաուբիցի շարժիչատրանսմիսիոն հանգույցները վերցրել են Տ-72 տանկերից, ինչը Հնդկաստանի համար ձեռնտու է այն առումով, որ դեռևս ԽՍՀՄ-ից հնկական կողմը ձեռք է բերել Տ-72 տանկեր արտադրելու արտոնագիր ու ներկայումս կարող է արտադրել դրանք ու կիրառել ԻՀՀ-ների վերանորոգման համար։

Մստա-Ս ինքնագնաց հաուբիցի տրամաչափը 152,4 մմ է, ակոսավոր փողի երկարությունը հավասար է 47 տրամաչափի, թեև Հնդկաստանի հայտարարած մրցույթի պահանջներով այն պիտի լինի 52 տրամաչափի։ Հաուբիցի կրակի հեռավորությունը 6,5-ից 28,9 կմ է։ Ինքնապաշտպանության համար համակարգը զինված է 12,7 մմ ՆՍՎՏ գնդացրով։

Համակարգի վրա տեղադրված է 780 կամ 840 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով համակարգը խճուղու վրա զարգացնում է մինչև 60 կմ/ժ արագություն։ Համակարգի անձնակազմը 5 մարդ է, զանգվածը՝ 42 տոննա։

Նշենք, որ Հնդկաստանը վերջին շրջանում ակտիվորեն զինվում է ու առաջին տեղն է զբաղեցնում զենքի ներմուծման ծավալներով։ Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալներով՝ 2013-ին զենքի ներմուծման վրա Հնդկաստանը ծախսել է շուրջ 9,943 մլրդ ԱՄՆ դոլար։ Հնդկաստանին այսպիսով բաժին է ընկնում 2013-ի զենքի համաշխարհային առևտրի շուրջ 15 տոկոսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *