Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդի օգնականին հետ են կանչել

Փետրվարի 12-ին հայտնի է դարձել, որ դեռևս 2012-ին Թուրքիայում Ադրբեջանի զինված ուժերի կցորդի օգնական նշանակված Վուգար Մեհդիևին հետ են կանչել։ Նա Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ վերջերս պաշտոնից հեռացված տեղակալ, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիևի որդին է։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է լուրը, սակայն անհայտ են կցորդի օգնականի հեռացման պատճառները։ Տեղեկացվում է միայն, որ նա պետք է Բաքու վերադառնա՝ «զորամասերից մեկում պաշտոն զբաղեցնելու համար»։

Հիշեցնենք, որ 2013-ի հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը կադրային փոփոխություններ է կատարում։ Դրանց մի մասը պաշտոնական հաստատում մինչ օրս չեն ստացել։

2013-ի հոկտեմբերի 24-ին ադրբեջանական մամուլը հաղորդել էր պաշտպանության նախարարի տեղակալ, միևնույն ժամանակ ռազմաօդային ուժերի հրամանատար Ալթայ Մեհդիևի հեռացման և ԶՈւ ռազմական ակադեմիայում այլ պաշտոն ստանձնելու մասին։ Չնայած որ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել էր տեղեկությունը, սակայն 2013-ի դեկտեմբերի 24-ին Զաքիր Հասանովի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում պաշտոնական հաղորդագրություններում նրան ուղեկցող, որպես տեղակալ ու ՌՕՈւ հրամանատար նշվել էր գեներալ-մայոր Ռամիզ Թահիրովի անունը, ինչը վկայում է, որ Մեհդիևին իրականում հեռացրել են։

Այս կադրային փոփոխությունները փորձագետների մի մասը դիտարկում է որպես «բարեփոխում, կոռուպացված զինվորականների հեռացում», մյուս մասը «մարտական ու պաշտոնավարման մեծ փորձ ունեցող զինվորականների անհիմն հեռացում միայն այն բանի համար, որ վերջիններիս նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմներն էին»։

Կարծում ենք՝ որոշ ժամանակ անց միայն պարզ կլինի, թե կողմերից որ մեկն էր իրականությանն առավել մոտ տեսակետ հայտնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *