Ֆրանսիան ստացել է համազարկային կրակի առաջին արդիականացված համակարգերը

Ֆրանսիայի զինված ուժերը ստացել են Lockheed Martin M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգիառաջին երեք  արդիականացված միավորները, որոնք շահագործման են անցնելու ընթացիկ տարում:

Ինչպես հայտնում է Jane’s ռազմական հանդեսը, այս մասին հաղորդել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից:

M270 hամազարկային կրակի ռեակտիվ համակարգ. Ֆրանսիայի ԶՈւ

M270 hամազարկային կրակի ռեակտիվ համակարգ. Ֆրանսիայի ԶՈւ

Փետրվարի 5-ին Jane’s-ի թղթակցի հետ զրույցում Ֆրանսիայի պաշտպանության նախարարության խոսնակը հայտնել է, որ M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի (ՀԿՌՀ) արդիականացված առաջին խմբաքանակը ստացել է Գրոսուիլլերում տեղակայված 6-րդ նյութաապահովման գունդը, որտեղ համապատասխան փորձարկումներ անցնելուց հետո՝ 2014-ի երկրորդ կեսին, համակարգերը կփոխանցվեն Ֆրանսիայի զինված ուժերի առաջին հրետանային գնդին:

Ներկայումս ֆրանսիական բանակում առկա է M270 ՀԿՌՀ-ի 55 միավոր, որոնցից արդիականացման են ենթարկվելու միայն 13-ը, իսկ մյուսները, ինչպես հայտնում են Ֆրանսիայի ՊՆ-ում, դուրս են գրվելու հետագա շահագործումից: Արդիականացման արդյունքում համակարգերը կկարողանան կիրառել 227 մմ-անոց և 90 կգ-անոց M131 ռեակտիվ արկերը, որոնք օժտված են նաև GPS նավիգացիոն համակարգով:

Բացի այդ, համակարգերի արդիականացման անհրաժեշտություն Ֆրանիսայի համար առաջացավ 2008-ի դեկտեմբերից, երբ վերջինս անդամակցեց Օսլոյի կոնվենցիային, որն արգելում է կասետային մարտագլխիկներով հրթիռների և արկերի կիրառումը: Իսկ արդիականացված համակարգերի արկերի մարտագլխիկներն օժտված կլինեն արդեն ոչ թե կասետային, այլ ֆուգասային մարտական մասով:

Նշենք, որ ամերիկյան արտադրության M270 համազարկային կրակի ռեակտիվ համակարգն արտադրվում է 1980-ից: Համազարկային մեկ կրակի ընթացքում համակարգն արձակում է 12 արկ, որոնք թիրախները կարող են խոցել մինչև 70 կմ հեռավորության վրա: Համակարգի շասսին թրթուռավոր է, առավելագույն արագությունը՝ 70 կմ/ժ, մեկ լիցքավորումով այն կարող է անցնել մոտ 640 կմ:

Հավելենք նաև, որ համակարգը հանվել է արտադրությունից 2003-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *