Առաջիկա ամիսներին Հնդկաստանում կմեկնարկի հրացանների ձեռքբերման մրցույթը, որի հաղթողն էլ կմատակարարի զինված ուժերի հետևակային զորքերի մի մասը: Մրցույթի հաղթողը Հնդկաստանի զինված ուժերին կմատակարարի 66 000 հրացան՝ 300 միլիոն ամերիկյան դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հաղորդում է լեհական Defense 24 ռազմական լրատվակայքը:
Մրցույթը, որի անցկացումը նախկինում բազմիցս հետաձգվել է, նպատակ ունի մասնակից չորս ընկերությունների ներկայացրած հրացանների փորձարկման արդյունքում պարզել, թե դրանցից որն է ամենանպատակահարմարը հնդկական զինուժի կարիքների բավարարման համար: Նման խնդրի առաջ Հնդկաստանը կանգնել է դեռևս 2011-ից, երբ տեղական արտադրության INSAS (Indian National Small Arms System) հրացանը, որը զինված ուժերի սպառազինությունում է 1998-ից, դարձավ բազմաթիվ բողոքների պատճառ զինվորականների շրջանում՝ անհուսալիության և այլ թերությունների պատճառով:
Ներկայումս որպես INSAS հրացանի ժամանակավոր փոխարինման միջոց ընտրվել են Կալաշնիկովի ինքնաձիգն ու բելգիական FN FAL հրացանը: Մրցույթի արդյունքում պարզ կդառնա, թե ապագայում որ հրացանով են համալրվելու Հնդկաստանի ԶՈւ ստորաբաժանումները: Հաղթող կողմը ոչ միայն կիրականացնի հրացանների նախնական մատակարարում, այլև կպարտավորվի հիմնել դրանց արտադրությունը Հնդկաստանում:
Մրցույթին մասնակցում են չեխական Ceskiej Zbrojovki ընկերությունը չեխական բանակի սպառազինությունում առկա CZ 807A Bren հրացանով, իսրայելական Israel Weapon Industries ընկերությունն իր ACE հրացանով, իտալական Beretta ըկերությունն իր ARX-160 հրացանով և ամերիկյան Colt-ը՝ ACR (Advanced Combat Rifle) հրացանով:
Մրցույթի ընթացքում կփորձարկվեն ինչպես հրացանների հրաձգային բնութագրերը, այնպես էլ դիմացկունության աստիճանը: Հնդկական INSAS հրացաններն, օրինակ չէին արդարացրել իրենց հիմալայան կլիմայական պայմաններում, քանի որ դրանց որոշ դետալներ սառում էին, ինչն ուղղակիորեն անդրադառնում էր հրացանի հուսալիության վրա: Նման խնդիրներից խուսափելու համար թեկնածու հրացանների փորձարկումները կանցկացվեն ինչպես Հիմալայան լեռներում, այնպես էլ Հնդկաստանի հարավային շրջաններում, որտեղ կլիման չափազանց խոնավ է:
Հավելենք, որ հրացանների փորձարկման գործընթացը մեկնարկելու է գարնանը և նախնական տվյալներով տևելու է մի քանի ամիս: