Մեծ Բրիտանիայի ավելի քան 250 ընկերություն BAE Systems-ի գլխավորությամբ 2006-ից սկսած աշխատանքներ են տանում Taranis անունով անօդաչու թռչող սարքի արտադրման և փորձարկման ուղղությամբ։Ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծի աշխատանքները գաղտնի էին պահվում։ Միայն փետրվարի 6-ին հայտնի դարձան մանրամասներ 2013-ի օգոստոսին ԱԹՍ-ի առաջին համալիր փորձարկումներից։
Անօդաչուի գլխավոր առանձնահատկությունը, ըստ արտադրողների, այն է, որ վերջինս ոչ թե պարզապես հեռակառավարմամբ է գործարկվում, այլ իրենից ներկայացնում է «կիսաավտոմատ մեքենա, որն առաջադրանքներ է կատարում առանց արձակման կայանից ստացած հրահանգների»։
Բրիտանական BAE Systems-ի ներկայացուցիչների խոսքերով՝ ընթացիկ շաբաթ նախատեսված է ասուլիս անցկացնել, որի ժամանակ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության և ընկերության խոսնակները տվյալներ կներկայացնեն Taranis-ից։
Նրանք հավաստիացնում են, որ ԱԹՍ-ն ռազմական նշանակության է, ունակ է կատարել շրջադիտում և հետախուզություն, հավաքագրել և կարճ ժամանակում փոխանցել դրանք, և արդեն իսկ «գերազանցել է իրենց սպասելիքները»։
2010-ին առաջին անգամ հանրությանը ներկայացված ԱԹՍ-ն առաջին թռիչքը կատարել է 2013-ի օգոստոսին, դրան նախորդել էին մի շարք վերգետնյա, թռիչքային փորձարկումներ, օպերատորների տևական ուսուցում։ Առաջին թռիչքի վայրը չի հաղորդվում, միայն ասվում է, որ այն իրականացվել է Մեծ Բրիտանիայի տարածքից դուրս։ Թռիչքը տևել է 15 րոպե, ԱԹՍ-ն բարեհաջող թռիչք է կատարել, պտույտ է արել օդում, պահանջված բարձրության վրա հասել, ապա որոշ ժամանակ անց վայրէջք է կատարել։ 15 րոպե տևողությամբ թռիչքին հետևել են ևս մի քանի թռիչքներ՝ մոտ 1 ժամ տևողությամբ։