Ադրբեջանցիները շարունակում են խոսել նոր տանկեր գնելու մասին

Ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան Ադրբեջանի հետ բանակցում է «Տ-84ՈՒ Օպլոտ» տանկերի մատակարարման շուրջ: Այս մեքենաներով Ադրբեջանի հետաքրքրությունների մասին խոսվում է դեռ անցած տարվանից, սակայն առանց կոնկրետ արդյունքների։ Ավելին, «ԱՊԱ»-յի այդ վերջին լուրն իրականում որևէ հիմք չունի, ինչի մասին դեռ կխոսենք: Բոլորովին վերջերս նշվել էր այն մասին, որ նույնպիսի բանակցություններ են վարվում նաև ռուսական կողմի հետ` «Տ-90» տանկերի ձեռքբերման համար, սակայն նույնպես առայժմ ոչինչ չկա արդյունքների մասին:

Իրականում, այս քննարկումներն ինքնին նախ և առաջ հաստատում են այն իրողությունը, որ Ադրբեջանական բանակն իր հարձակողական պոտենցիալը բարձրացնելու համար քայլեր է կամենում ձեռնարկել: Նրանք իրականում փնտրտուքների մեջ են և հավանաբար փորձում են ընտրել հարմար տարբերակը: Չի բացառվում, որ ռուսական տանկը ձեռքբերելու որոշման վրա ազդի նաև վերջերս ՌԴ արդեն նախկին ԳՇ պետ գեներալ Ն.Մակարովի հայտարարությունն այն մասին, որ ռուսական բանակը ևս հրաժարվում են սեփական արտադրության նոր մեքենաների ձեռքբերումից:

Նշենք, որ այդ երկու մեքենաների հիմքը նույնն է. երկուսն էլ հանդիսանում են «Տ-64/72»-ի գծի շարունակությունը` մեկը ՌԴ-ում, մյուսը Ուկրաինայում: Մեքենաները շատ ընդհանրություններ ունեն. հիմնական կառուցվածքը, մեխանիզմների դասավորությունը, սպառազինությունը և այլն: Սակայն դրանով հանդերձ ունեն նաև մեծ տարբերություններ, մասնավորապես շարժիչը, զենքի ղեկավարման համակարգը և էլեկտրոնիկան, որոնք ժամանակակից մարտում ավելի ու ավելի են կարևորվում:

Ուկրաինական տանկը որոշ մասնագետների հավաստմամբ համարվում է ավելի ժամանակակից սակայն արժի ավելի թանկ` մոտ 4.5-5 մլն դոլար: Իսկ ռուսական մեքենաները 2011 թվականին Ռուսաստանի բանակը գնում էր մոտ 4 մլն դոլարով: Բացի գնից, «Տ-90»-ի առավելություններից է նաև սերիական արտադրության առկայությունը։ 1992 թվականից ի վեր արտադրվել է ավելի քան 1200 տանկ (ներառյալ Հնդկաստանում հավաքելու համար նախատեսված կոմպլեկտները), մինչդեռ «Օպլոտը» գոյություն ունի միայն մի քանի փորձնական օրինակով, և առայժմ հայտնի է միայն Թայլանդի համար 49 տանկ արտադրելու պատվեր։ Հաշվի առնելով սա, կարելի է ենթադրել, որ «Օպլոտի» գնման մասին խոսակցություններն ավելի շուտ գովազդային և քարոզչական բնույթ են կրում, քան համապատասխանում են իրականությանը։ Ավելին, սկզբում նշել էինք, որ «ԱՊԱ»-յի վերջին նորությունը որևէ հիմք չունի։ Համացանցում ադրբեջանցիների քննարկումներից պարզ է դառնում, որ լուրի «ծնվելու» առիթ են հանդիսացել ֆեյսբուքի ադրբեջանական խմբերից մեկում տեղադված «Օպլոտի» լուսանկարները։

Առայժմ որպես քարոզչություն պետք է գնահատել նաև նոր «Ալթայ» տանկի ստեղծման թուրքական նախագծին Ադրբեջանի մասնակցության մասին խոսակցությունները։ Ինչ վերաբերում է «Տ-90» գնելու մասին տեղեկություններին, ապա դրանք ավելի իրատեսական են թվում, քանի որ, ինչպես նշվեց, դրանք արդեն սերիական արտադրության պատմություն ունեն։ Սակայն, իհարկե, բացառված չի, որ այդ խոսակցությունները ևս քարոզչական բնույթ ունեն։

Ադրբեջանական բանակը այսօր ունի մոտավորապես 400-500 (այլ տվյալներով` 600) միավոր տանկ։ Նոր տանկերը կամ ավելանալու են այս քանակին կամ փոխարինելու են եղածի մոտ կեսը: Ժամանակակից փորձը, սակայն, ցույց է տալիս, որ առավել նպատակահարմար է եղած տանկերի կատարելագործումը։ Ռուսական բանակն օրինակ` ներկայումս գերադասում է արդիականացնել եղած «Տ-72» տանկերը: Տանկերի արդիականացման վրա են հիմնական ուշադրություն դարձնում նաև արևմտյան երկրները։ Սա է առայժմ լավագույն ճանապարհը։

One response to “Ադրբեջանցիները շարունակում են խոսել նոր տանկեր գնելու մասին

  1. Pingback: Ուկրաինան արտահանում է «Օպլոտ» տանկն առաջին անգամ 98 թվականից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *