Մեծ Բրիտանիայի քաղաքացի մահապարտը պայթեցրել է իրեն Հալեպի կալանավայրի մոտ

Աբու Սուլեյման ալ-Բրիտանի մականունով բրիտանացին Մեծ Բրիտանիայի առաջին ու դեռևս միակ քաղաքացին է, որը պայթեցրել է իրեն Սիրիայում մարտական գործողության ընթացքում:

Ինչպես հաղորդում է բրիտանական The Daily Telegraph-ը, ալ-Բրիտանին առանցքային դեր է ունեցել Հալեպ քաղաքի վրա զինյալի իրականացրած հարձակման գործում: Հենց Բրիտանիայի քաղաքացին է ականապատ ավտոմեքենայի պայթյունի շնորհիվ ճեղքել կանալավայրի դարպասները, ինչը թույլ է տվել իր հարյուրավոր համախոհ զինյալներին ներխուժել տարածք:

Նկատենք, որ եթե ալ-Բրիտանիի քաղաքացիության հանգամանքը վերջնական հաստատում ստանա, ապա նա կդառնա Մեծ Բրիտանիայի՝ Սիրիայի ներքին հակամարտության ընթացքում մահացած ութերորդ քաղաքացին:

Հարկ է նշել, որ մահացած զինյալը սերում է Պակիստանից: Նա Սիրիայում գործող ծայրահեղ իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման անդամ է: Նրա համախոհները խոստացել են առաջիկայում ալ-Բրիտանիի՝ մահվանից առաջ ուղերձի տեսագրությունը տեղադրել և տարածել համացանցում:

Ճիշտ է՝ չկա հստակ վիճակագրություն, սակայն տարբեր գնահատականներով Սիիայում այժմ մարտնչում են մի քանի հարյուր բրիտանացիներ:

Հավելենք, որ փետրվարի 6-ին Սիրիայի զինյալները հայտարարել են Հալեպի վրա իրենց ծրագրած նոր հարձակումների շարքի մասին : Ընդ որում, նրանց հաջողվել է գրավել Հալեպի կալանավայրը, որը կառավարական զորքերի վերահսկողության ներքո էր: Փետրվարի 7-ին AFP լրատվական գործակալությունը տեղեկացրել էր՝    երկօրյա մարտերի հետևանքով սպանվել է  նվազագույնը 46 հոգի, սակայն մարտերը լավ արդյունքներ էին գրանցել կառավարական ուժերի համար. կալանավայրի մեծ մասն այս պահի դրությամբ կրկին նրանք են վերահսկում:

Հիշեցնենք, որ Սիրայի ներքին հակամարտությունը սկսվել է 2011-ին և շարունակվում է մինչ օրս: Նախագահ Բաշար Ասադի կողմնակիցները և զինյալների խմբավորումները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, խաղաղ բանակցությունները ևս հուսադրող արդյունքներ դեռևս չեն արձանագրել: 2011-ից ի վեր Սիրիայում սպանվել է մինչև 140 հազար հոգի, 2 միլիոնից ավել դարձել է փախստական:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *