Ռուսաստանը 2014-2015 թվականներին կսկսկի 9 սուզանավի կառուցման աշխատանքներ, որոնցից չորսը կլինեն ատոմային ռազմավարական նավեր: Այս մասին Հդնկաստանում ընթացող Defexpo-2014 ռազմական արդյունաբերության միջազգային ցուցահանդեսի ժամանակ հայտարարել է «Սեվմաշ» նավաշինական ձեռնարկության տնօրեն Միխայիլ Բուդնիչենկոն:
Ինչպես գլխավոր տնօրենի խոսքերն է մեջբերում Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, կառուցվող նավերից չորսը լինելու են 955 Բորեյ նախագծի ատոմային ռազմավարական սուզանավ, չորսը 885 Յասեն նախագծի բազմաֆունկցիոնալ ատոմային սուզանավ և ևս մեկ հատուկ նշանակության սուզանավ, որի մասին այլ մանրամասներ Բուդնիչենկոն չի հաղորդել:
Բոլոր սուզանավերի կառուցման ֆինանսավորումն իրականացվելու է Ռուսաստանի սպառազինման պետական ծրագրի շրջանակներում: Վերջինիս շնորհիվ մինչև 2020 թվականը Ռուսաստանի ռազմածովային ուժերի՝ (ՌԾՈւ) նորագույն սպառազինությունով և նավերով համալրման համար կհատկացվի 140 միլիարդ դոլար:
Նշենք, որ Ռուսաստանի ՌԾՈւ-ն վերջին երկու տարիներին արդեն ստացել է ստորջրյա նավատորմի զգայուն համալրում: 2012-2013 թվականներին Բորեյ նախագծի երկու և Յասեն նախագծի մեկ սուզանավ արդեն հանձնվել է շահագործման և հաշվի առնելով «Սեվմաշ» ձեռնարկության ստացած ևս ինը սուզանավի պատվերը, կարելի է ենթադրել, որ դրանք արդարացնում են ռազմածովայինների սպասելիքները:
Հավելենք, որ 955 Բորեյ նախագծի սուզանավի անձնակազմը 107 հոգի է, սուզման առավելագույն խորությունը՝ 480 մետր, առավելագույն արագությունը՝ 52 կմ/ժ: Սուզանավը սպառազինությունում ունի ինչպես տորպեդներ, այնպպես էլ հրթիռներ, որոնց թվում Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: Մեկ սուզանավի արժեքը 713 միլիոն դոլար է:
Իսկ 885 Յասեն նախագծի սուզանավի անձնակազմը 90 հոգի է, առավելագույն արագությունը՝ 55 կմ/ժ, սուզման առավելագույն խորությունը 700 մետր է, սպառազինությունում ունի տորպեդներ, ինչպես նաև հականավային ու նավ-մակերևույթ դասի հրթիռներ: Մեկ սուզանավն արժե 890 միլիոն դոլար: