ՌԴ 102-րդ ռազմաբազայում ընդամենը զորավարժություն է. ռազմաբազայի հրամանատարի տեղակալ

Այսօր՝ փետրվարի 7-ին, համացանցում լուրեր են տարածվել, որ «Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում հետևակի մարտական մեքենա (ԲՄՊ) է պայթել , որի հետևանքով հնարավոր է տուժածներ լինեն»։ Ռազմինֆոն լուրը ճշտելու համար կապվեց ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Աշոտ Կարապետյանի հետ։

«Նման բան չկա, մենք ընդամենը զորավարժություն ենք անում։ Հիմա էլ ես զորավարժարանում եմ։ Սոչիի օլիմպիական խաղերի կապակցությամբ մեզ հանձնարարել են հակաահաբեկչական վարժանքներ անցկացնել»,- շեշտեց գնդապետ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է Գյումրիում 1995 թվականին և իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, իսկ 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվեց ևս 49 տարով՝ մինչև 2044 թվականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *