Իրանը Մեծ Բրիտանիայից գումար է պահանջում տանկերի փոխարեն

Իրանյան կողմը Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության International Military Services ընկերության դեմ հայտ է ներկայացրել Լոնդոնի Բարձր դատարան, որով ընկերությունից պահանջում է 390 մլն ֆունտ (637 մլն ԱՄՆ դոլար)։

Գումարը Իրանը պահանջում է դեռևս շահի օրոք 1974-ին պատվիրված տանկերի համար։ Այս մասին հայտնում է Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի բլոգը։

Վերջերս հրապարակվել է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը, որով նա հիշեցրել է Հաագայի դատարանի որոշումը, որը պարտադրում է բրիտանական կողմին Իրանին տրամադրել այն սպառազինությունը, որն Իրանն արդեն գնել էր։ Արտգործնախարարը նշել է, որ խնդիրը կարող էր վաղուց լուծվել, եթե բրիտանացիները չքաղաքականացնեին տնտեսական պայմանագիրը։

IMS ընկերությունը, որը պիտի տրամադրեր տանկերը, ստեղծվել է 1970-ին որպես բրիտանական արտադրության սպառազինության վաճառքի միջնորդ։ Թեև հայտարարվում էր, որ ընկերությունը համագործակցում է բազմաթիվ երկրների հետ, սակայն իրականում ընկերության պայմանագրերի հիմնական պատվիրատուն շահական Իրանն էր. արդեն 1977-ին բրիտանական ընկերության պայմանագրերի 97 տոկոսի պատվիրատուն էր։

Բրիտանական ընկերության ֆինանսական գագաթնակետը դարձավ 1974-ին շահական Իրանի ու ընկերության միջև կնքված պայմանագիրը, որի արժեքը 650 մլն ֆունտ էր (1,5 մլրդ ԱՄՆ դոլար 1974-ի փոխարժեքով)։ Պայմանագրով նախատեսված էր, որ բրիտանական ընկերությունը պիտի նախագծեր ու Իրանին մատակարարեր 1750 միավոր ծանր զրահատեխնիկա, որի թվում 1500 տանկ (ներառյալ 150 միավոր արդիականացված FV4030/1 Chieftain, 125 միավոր FV4030/2 Shir-1 ու 1225 միավոր 3-րդ սերնդի FV4030/3 Shir-2 տանկեր) ու 250 միավոր FV4204 զրահապատ նորոգման-տարհանման մեքենաներ։

1976-1978 թվականներին Իրանը ստացավ 187 տանկ, որոնցից 185-ը Chieftain, իսկ մյուս երկուսը՝ Shir-1 (նախատիպ)։ Չնայած դրան՝ Իրանը հասցրել էր վճարել ամբողջ գումարը։

1979-ի փետրվարի 6-ին Իրանի նոր հեղափոխական կառավարությունը խզեց բրիտանական ընկերության հետ պայմանագիրը։ Այդ ժամանակ բրիտանական ընկերությունն արդեն ավարտել էր սերիական 125 Shir-1 տանկերի պատրաստումն ու նախատեսում էր սկսել Shir-2 տանկի արտադրությունը։

Խզման պատճառով բրիտանական ընկերությունը պատրաստված տանկերն ու զրահապատ նորոգման տարհանման մեքենաները վաճառեց Հորդանանին, որի հետ Մեծ Բրիտանիան նույնպես պայմանագիր էր կնքել։ Իսկ նախատեսված Shir-2 տանկերն ընկերությունն օգտագործեց որպես բրիտանական սպառազինության Challenger-1 տանկերի նախատիպ։

1979-ից սկսած իրանական կողմը բրիտանական ընկերությունից (ըստ էության Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից) պահանջում է վերադարձնել պայմանագրի չկատարված մասի 390 մլն ֆունտը։ Սակայն Մեծ Բրիտանիան հրաժարվում է վերադարձնել գումարը՝ որպես պատճառ ներկայացնելով Իրանի դեմ միջազգային սանկցիաները, որոնք արգելում է Իրանին որոշակի սպառազինություն վաճառել։ Բրիտանական IMS (International Military Services) ընկերությունն էլ 2010-ին փաստացիորեն դադարեցրեց գործունեությունը։

Ամբողջ ընթացքում Իրանը դիմել է մի շարք դատարաններ ու որոշակի հաջողությունների է հասել, իսկ 2009-ին Ժնևի միջազգային առևտրական պալատը որոշում ընդունեց հօգուտ Իրանի։ 2010-2011 թվականներին բրիտանական ընկերությունն ու իրանական կառավարությունը համաձայնություն ձեռք բերեցին, որով նախատեսվում էր, որ բրիտանական կողմն Իրանի կառավարության բացած հատուկ հաշվեհամարին էր փոխանցելու ամբողջ գումարը, սակայն հաշվեհամարը սառեցված էր մնալու այնքան ժամանակ, մինչև որ վերացվեին Իրանի դեմ միջազգային սանկցիաները։ Բայց այս պայմանավորվածությունը նույնպես չիրականացվեց, իսկ կողմերը մեկը մյուսին մեղադրեցին դրա համար։

Իրանը շարունակեց բանակցությունները Ստամբուլում այդ գաղտնի բանակցություններն էլ արդյունք չտվեցին։ 2013-ի սկզբին Իրանը դիմեց Լոնդոնի Բարձր դատարան, որտեղ հարցը երկարատև հետաձգումներից հետո քննության վերցրին 2014-ի սկզբին, իսկ դատական նիստերը նախատեսում են սկսել 2014-ի ամռանը։ Ու չնայած դրան՝ Մեծ Բրիտանիան հույս ունի հարցը լուծել ոչ թե դատարանների միջոցով, այլ փոխանցել գումարը սառեցված հաշվին։ Իսկ Իրանը մտադիր է գումարը վերցնել՝ շրջանցելով հաշվեհամարը, քանի որ մտադիր է ստանալ իրական գումարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *