Հնդիկ օդաչուի առաջին հաջող թռիչքը Վիկրամադիտիա ավիակրից (վիդեո)

Հնդիկ օդաչուն ՄիԳ-29 տախտակամածային կործանիչով ռուսական արտադրության և Հնդկաստանին փոխանցած «Վիկրամադիտիա» ավիակրի տախտակամածից առաջին բարեհաջող թռիչքն ու վայրէջքն է կատարել։

Վիկրամադիտիա ավիակիրը

Վիկրամադիտիա ավիակիրը

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ Միացյալ նավաշինական ընկերության փոխտնօրեն Իգոր Պոնամարևին։

Պոնամարևն հնդիկ օդաչուի թռիչքի մասին հայտնել է հնդկական DEFEXPO-2014 ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում։ Թեև Պոնամարևը չի հստակեցրել, թե կոնկրետ որ կործանիչներով է օդաչուն թռիչք իրականացրել, բայց ենթադրելի է, որ կամ ՄիԳ-29Կ, կամ էլ ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչների մասին է խոսքը։

2014 թվականի հունվարի սկզբին ավիակիրն արդեն հասել էր ՀնդկաստանիԿարնատակա նահանգի Կավար քաղաքում տեղակայված ռազմածովային բազա առանց սպառազինության և ինքնաթիռների։ Ըստ այդմ, դեռ շուրջ մեկ տարի Հնդկաստանում աշխատելու է երաշխիքային սպասարկման ռուսաստանյան խումբը։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։ Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Արդիականացված տարբերակը ստացավ «Վիկրամադիտիա» անունը։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն մի քանի անգամ հանձնումը հետաձգվել էր։

Նավի փորձարկումները սկսվել են դեռ 2008 թվականից, երբ առաջին անգամ դուրս բերվեց ծով և բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման տարվեց։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Սակայն նավը նորից չի բավարարել պատվիրատուի պահանջներին ու տարվել է վերանորոգման։

Նավի հանձնումը Հնդկաստանին հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։

«Վիկրամադիտիան» թեթև ավիակիր է, նախատեսված է մոտ 14-16 ՄիԳ-29 ինքնաթիռների և մինչև 10 միավոր Կա-28, Կա-31 տիպի ուղղաթիռների համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *