Չինաստանը 2014-ին կմեծացնի ռազմական ծախսերը՝ հասցնելով 148 միլիարդ ամերիկյան դոլարի, որով այն կդառնա աշխարհում երկրորդ պետությունը ԱՄՆ-ից հետո: Նախորդ տարվա համեմատ ռազմական բյուջեն ավելացել է 9 միլիարդ դոլարով: Այս մասին հաղորդում է ամերիկյան The New York Times պարբերականը:
Վերջին տարիներին Չինաստանի ռազմական բյուջեի ծավալներն անընդմեջ աճում են, մինչդեռ Պենտագոնը նախորդ տարվա համեմատ իր ծախսերը կրճատել է՝ 664.3-ից դարձնելով 574 միլիարդ դոլար: Այս պատկերը դարձել է արևմտյան պետությունների անհանգստության պատճառ, քանի որ նման միտումների շարունակման դեպքում 2015-ին Չինաստանը բանակի կարիքների համար կհատկացնեն ավելի մեծ գումար, քան Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան միասին, 2024-ին՝ ավելին, քան Արևմտյան Եվպրոպայի բոլոր պետությունները:
Պետք է նշել, որ Չինաստանի ռազմական ծախսերի նման աճը պայմանավորված է հարևան երկրների հետ առկա լարված հարաբերություններով: 2011-ին երկրի ռազմածովային ուժերի շահագործմանը հանձնվեց Լյաոնին ավիակիրը, որի կառուցումն ավարտին հասցնելու համար ծախսվեցին զգալի միջոցներ: Չինաստանն առաջընթաց է արձանագրում նաև ռազմական ոլորտում՝ առաջադեմ տեխնոլոգիաների նախագծման հարցում. ուշագրավ են հինգերորդ սերնդի կործանիչի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Սակայն, չնայած այս ձեռքբերումներին, Չինաստանի ժողովրդական-ազատագրական բանակում լայն տարածում ունի կոռուպցիան: Բանակի գեներալները մեկ անգամ չէ, որ հայտնվել են աղմկահարույց կոռուպցիոն սկանդալների կենտրոնում: Նմանատիպ վերջին դեպքը գրանցվեց 2014-ի հունվարին:
Չինաստանյան Ցայխին լրատվակայքը հրապարակեց ռեպորտաժ, որում բացահայտվեց, թե կենցաղային ինչ պայմաններում է ապրում երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, նյութատեխնիկական ապահովման վարչության պետ գեներալ-լեյտենանտ Գու Ցզյունշանը: Հակակոռուպցիոն գործողության արդյունքում գեներալի առանձնատանը հայտնաբերել և առգրավվել էին պերճանքի այնպիսի առարկաներ, ինչպիսիք են ոսկեզօծ լվացարանն ու նույնիսկ Մաո Ցզեդունի ոսկե արձանը: Ըստ ամսագրի հաղորդած տվյալների՝ գեներալին են պատկանել նաև 10 բնակարան Պեկինի այն թաղամասում, որտեղ անշարժ գույքի գները սկսվում են մեկ միլիոն դոլարից: