ԱՄՆ նախկին նահանգապետին հետևում են անօդաչու թռչող սարքերով

ԱՄՆ Մինեսոթա նահանգի նախկին նահանգապետ Ջեսի Վենտուրան հեռուստաեթերում հայտարարել է՝ տեղափոխվել է Մեքսիկա մշտական բնակության, քանի որ ցանկանում է զերծ մնալ կառավարության հանձնարարականով անօդաչու թռչող սարքերով իրեն հետապնդելուց։

ԱՄՆ Մինեսոթա նահանգի նախկին գուբերնատոր Ջեսի Վենտուրա

ԱՄՆ Մինեսոթա նահանգի նախկին գուբերնատոր Ջեսի Վենտուրա

Ինչպես տեղեկացնում է The Washington Post ամերիկյան պարբերականը, Վենտուրայի խոսքերով՝ նա սկզբունքորեն չի օգտագործում բջջային հեռախոս կամ կապի այլ արդի միջոցներ, քանի որ չի ցանկանում որևէ օտար մարդ իմանա իր բնակության վայրի մասին։

«ԱՄՆ-ն այժմ նման է Արևելյան Բեռլինի»,-նկատել է նախկին նահանգապետը։

Մինչ հեռուստատեսային գործունեություն ծավալելը Վենտուրան առանց Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների աջակցության նահանգապետ էր ընտրվել, դրանից առաջ էլ եղել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող։

Ուշագրավ է, որ Վենտուրան ներկայումս Մեքսիկայում աշխատանքներ է տանում առցանց Ora TV հեռուստաալիքով սեփական հաղորդման ստեղծման ուղղությամբ, որի նպատակը նաև մեքսիկացիների համար նոր աշխատատեղերի ստեղծումն է, որպեսզի «պատնեշներ հաղթահարելով ապօրինի չանցնեն սահմանն ու աշխատանք գտնելու նպատակով հասնեն ԱՄՆ»։

Հարկ է նշել, որ Վենտուրան ժամանակին հեղինակել է մի հեռուստահաղորդում, որի ընթացքում հետաքննություններ էին ներկայացվում, թե օրինակ ինչու է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունն ԱՄՆ հատուկ ծառայությունների նախաձեռնություն կամ քննարկում էին Էդվարդ Սնոուդենի՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների գաղտնի փաստաթղթերի հրապարակման միջադեպը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *