Չինաստանի Հոնգկոնգ քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ են հայտնաբերել։ Պայթյունի հավանականության հետևանքով տեղահանվել է ավելի քան 2 հազար մարդ։
Այն հայտնաբերել են Cosmo հյուրանոցում ստորգետնյա աշխատանքներ կատարող շինարարները։
Ինչպես հաղորդում է չինական «Սինհուա» լրատվական գործակալությունը, AN-M66 ոռւմբն ուներ 1.7 մ երկարություն, 60 սմ տրամագիծ, 900 կգ զանգված, պարունակում էր 450 կգ պայթուցիկ։ Դրա վնասազերծման համար պահանջվեց 17 ժամ։
Նկատենք, որ սա Երկրորդ համաշխարհայինից Հոնգկոնգում մնացած ամենամեծ ռումբն էր։ Համաձայն ոստիկանության տվյալների՝ այն ժամանակին պատկանել է ամերիկյան զինուժին։