Դեմոգրաֆիական պատկերն Ադրբեջանի զինված ուժերում

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի հավասարակշռությունը մշտապես երկու երկրների ռազմական փորձագետների, վերլուծաբանների և հասարակության ստվար զանգվածի ուշադրության կենտրոնում է։ Ուժային հարաբերակցության ներքո դիտարկվում է ինչպես ռազմական տեխնիկան ու սպառազինությունն, այնպես էլ բանակների կենդանի ուժը։ Արդի գիտությունն ու ռազմական արդյունաբերությունն աշխարհում որքան էլ զարգանան՝ տալով մարդկային գործոնը նվազագույնին հասցնող սպառազինության նմուշներ, միևնույնն է, կենդանի ուժը դեռևս երկար ժամանակ շարունակելու է վճռորոշ դեր խաղալ ժամանակակից պատերազմներում, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում։

Ադրբեջանական բանակի զինծառայողներ

Ադրբեջանական բանակի զինծառայողներ

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի թվաքանակի հաշվարկման փորձեր մեկ անգամ չէ, որ արվել են։ Ու թեպետ ստույգ թվեր նշելը կլինի բավական դժվար, այդուհանդերձ մոտավոր պատկեր ստանալ հնարավոր է։ Նշենք, որ հայկական զինուժի թվաքանակը հաշվվում է շուրջ 55 000, իսկ ադրբեջանական կողմն իր թվերից խոսելիս մշտապես փորձում է ուռճացնել սեփական զինուժի թվաքանակը՝ բանակի թվի մեջ ներառելով նաև երկրում առկա ռազմականացված այնպիսի կառույցների անձնակազմը, ինչպիսիք են Սահմանապահ պետական ծառայությունը, Ներքին գործերի նախարարության ներքին զորքերը, Ազգային անվտանգության նախարարությունն ու Պետական պահպանության հատուկ ծառայությունը։ Ռազմականացված այս կառույցների ընդհանուր թվաքանակը հաշվվում է շուրջ 20-ից 25 հազար մարդ։ Այս կերպ, ադրբեջանցի փորձագետներն իրենց զինված ուժերի թվաքանակի մասին խոսելիս «աննկատ» գումարում են նաև այս թիվը և իրենց խոսքում հնչեցնում թվաքանակ, որը կազմում է շուրջ 135 000 ու դրանով թե´ ներքին և թե´ հայկական լսարանի մոտ ստեղծում կարծրատիպ, որ ադրբեջանական բանակն իր թվաքանակով մի քանի անգամ գերազանցում է հայկականը։

Առհասարակ, թե´ Հայաստանի և թե´ Ադրբեջանի պարագայում զինված ուժեր ասելով պետք է հասկանալ բանակը, ոչ թե ռազմականացված և ուժային կառույցները։

Սույն հոդվածում կփորձենք հնարավորինս ճշտգրիտ հաշվարկել ադրբեջանական բանակի իրական թվակազմն ու մատնացույց անել այն խնդիրները, որոնց առերեսվում է այդ երկիրը զինված ուժերի համալրման ընթացքում։

Զորակոչին առնչվող ընդհանուր տեղեկություններ

Ադրբեջանի զինված ուժերում գործում է ժամկետային զինծառայության սկզբունքը։ Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի բոլոր այն ներկայացուցիչները, ովքեր չունեն տարկետման իրավունք՝ պայմանավորված առողջական խնդիրներով, բուհի ուսանող լինելով և այլ հանգամանքներով։

Ժամկետային զինծառայության տևողությունը 18, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների համար 12 ամիս է։ Զորակոչային տարիքը սահմանված է մինչև 35 տարեկան։ Երկրի նախագահի հրամանագրով իրականացվում է զորակոչ տարեկան չորս անգամ՝ հունվար, ապրիլ, հուլիս և հոկտեմբեր ամիսների 1-ից 30-ը։

Զինապարտության մասին օրենքի համաձայն՝ սոցիալական հատուկ որևէ խմբի չպատկանելու դեպքում, (ծնողազուրկ, հաշմանդամի զավակ և այլն) զորակոչվածը պետք է ծառայության նշանակվի իր մշտական բնակության վայրից ոչ մոտ, քան 100 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի զինված ուժերում տեսականորեն գործում է պայմանագրային զինծառայության համակարգը, սակայն լայն տարածում այն դեռևս չունի: Պայմանագրային ծառայությունում կարող են ընդգրկվել նաև 19-ից 40 տարեկան կանայք:

Ադրբեջանում ներդրված չէ այլընտրանքային ծառայության համակարգը։

Պետական վիճակագրությունը զինված ուժերի համալրման համատեքստում

Հասկանալու համար, թե տարեկան քանի հոգի է զորակոչվում զինված ուժեր, նախ մեջբերենք թվեր Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի տարեկան ամփոփագրերից։

Այսպիսով, մեզ հետաքրքրում է այդ երկրի ծնելիության 1995 թվականի վիճակագրությունը, քանի որ գերազանցապես հենց այս թվականին ծնվածներն են ներկայումս անցնում ժամկետային զինծառայություն ադրբեջանական բանակում։ 1995-ին Ադրբեջանում ծնվել է արական սեռի 75 100 երեխա, սակայն այս ցուցանիշը հաջորդող 18 տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների՝ մեծամասամբ արտագաղթի և մանկահասակների մահացության պատճառով։

Ադրբեջանական պետական վիճակագրության կոմիտեի մեկ այլ ամփոփագրում նշվում է, որ 1995 թվականին մահացել է մեկ տարին չբոլորած 1964 երեխա։ Հետագա հաշվարկներն ավելի դյուրին դարձնելու համար, կլորացնենք այս թիվը՝ դարձնելով 2 000։

Մեր հաշվարկները ստիպված ենք հիմնել վիճակագրության հենց այս տվյալների վրա՝ այլ աղբյուրների բացակայության պատճառով, սակայն պատկերացնելու համար այդ թվերի հավաստիությունը մեջբերենք մի ուշագրավ փաստ։ Ադրբեջանական ամփոփագրերում նշվում է, որ 1995-2013 թվականներին միգրացիայի հետևանքով երկրի բնակչությունը նվազել է 45100-ով, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության 2013-ին հրապարակած հաշվետվության համաձայն՝ Ռուսաստանում ադրբեջանցի ներգաղթյալների թիվը 599 000 է։

Տեսականորեն, միայն Ռուսաստանում այդչափ ադրբեջանցիների մեջ կան նաև 1995-ին ծնվածներ, ովքեր փաստացի խուսափել են զինվորական ծառայությունից, բայց քանի որ ներգաղթյալների տարիքային սանդղակի մասին ոչինչ չի նշվում, այդ ցուցանիշը չենք ընդգրկի հետագա հաշվարկներում։ Այսպիսով, 73 100 (75 100-2000) թիվն առայժմ կընդունենք որպես 1995-ին ծնվածների առավելագույն  անվերապահ թիվ, թեպետ ակնհայտ է, որ իրականում այն հեռու է իրական պատկերի արտացոլումից։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողներ

Հաջորդ հանգամանքը, որը պետք է հաշվի առնել՝ Ադրբեջանի բուհերում սովորող ուսանողներն են, ովքեր, ըստ գործող օրենսդրության, օգտվում են տարկետման իրավունքից, սակայն միայն մեկ անգամ՝ բակալավրիատում ուսանելու համար։ Հետագա ուսումը շարունակելու համար տարկետում չի տրվում։ Կրկին հղում անելով վիճակագրության պետական կոմիտեի տվյալներին՝ նշենք, որ ադրբեջանական բուհերում ընդհանուր առմամբ ուսանում է շուրջ 140 000 ուսանող։ Այդ ցուցանիշը վերջին տարիների համար գրեթե անփոփոխ է։

Ցավոք, չկա հստակ տեղեկություն ուսանողների սեռական պատկանելության մասին, սակայն մոտավոր հաշվարկների համար նշված թիվը կարող ենք պայմանականորեն կիսել՝ աղջիկ ուսանողներին հետագա հաշվարկներից դուրս մղելու համար։ Թեպետ, հարկ է նկատել, որ աղջիկ և տղա ուսանողների համամասնությունն այս երկրում հավասար չէ։

Ադրբեջանում գործում է բարձրագույն կրթության բակալավրի աստիճանի ուսուցման քառամյա համակարգ, ինչը նշանակում է, որ արական սեռի 70 000 (140 000 / 2) ուսանողների թիվը բաժանելով չորսի՝ կստանանք մոտավոր պատկեր, թե բուհի քանի շրջանավարտ է տարեկան մեկնում ժամկետային զինվորական ծառայության. այդ թիվը կազմում է 17 500 (70 000 / 4)։ Նկատենք, որ ընդհանուր ծնվածների թվից, որը մենք սահմանել էինք 73 100, անհրաժեշտ է հանել 17 500-ը՝ այն զորակոչվողներին, ովքեր ծառայելու են 12 ամիս։

Այսպիսով, ստանում ենք պատկեր, որ միջինացված տվյալներով Ադրբեջանի զինված ուժերում ժամկետային ծառայության հիմունքով զորակոչվում են տարեկան շուրջ 55 600 (73 100-17 500) նորակոչիկ, ովքեր պետք է ծառայեն 18 ամիս և 17 500 նորակոչիկ՝ ծառայության 12 ամիս տևողությամբ։

Եզրափակելով այս հաշվարկները, մնում է բազմապատկել 55 600-ը 1,5-ով, քանի որ հենց այսքան տարի է կազմում բարձրագույն կրթություն չունեցող նորակոչիկների զինծառայության տևողությունը։ Արդյունքում ստանում ենք 83 400 (55 600 * 1.5), որին գումարելով բարձրագույն կրթություն ստացածներին՝ 17 500 հոգի, կունենանք 2013 թվականին ադրբեջանական բանակի զորակոչային համալրման մոտավոր թիվը, որը կազմում է շուրջ 100 900 հոգի (83 400 + 17 500)։

Հարյուր մեկ հազար. սա է Ադրբեջանի զորակոչային համալրման ներկայիս ներուժը։ Հետագա տարիների պատկերի մասին պատկերացում կազմելու համար նշենք միայն, որ եթե 1995-ին արական սեռի ծնվածների թիվը 73 100 էր, ապա 1999-ին այս ցուցանիշը 61 600 է, իսկ 2002-ին՝ 58 700։ Այսինքն, մինչև 2020 թվականը՝ երբ բանակ են զորակոչվելու 2002-ին ծնվածները, Ադրբեջանը զինված ուժերի համալրման ընթացքում ունենալու է անձնակազմի թվաքանակի զգալի անկում։

Զորակոչվածների բաշխումն ըստ ուժային կառույցների

Ինչպես արդեն նշվեց հոդվածի առաջնամասում, զինված ուժերը ռազմականացված միակ կառույցը չէ, որը գործում է Ադրբեջանում և այստեղ հատկանշական է նաև այն, որ ուժային մյուս կառույցներն իրենց համալրումը ևս ստանում են զորակոչի միջոցով։ Պատկերացնելու համար, թե ընդհանուր զորակոչվածներից քանիսն են բաժին ընկնում այս կառույցներին՝ նշենք, որ համաձայն բաց աղբյուրների՝ Սահմանապահ պետական ծառայության անձնակազմը շուրջ 12 000 է, ներքին զորքերինը՝ 10 000, Ազգային անվտանգության զորքերինը՝ 5 000, իսկ Պետական պահպանության հատուկ ծառայության անձնակազմը՝ 2 500 հոգի։ Վերջինիս զորակոչային համալրումը կազմում է շուրջ 20 տոկոս։ Ինչպես կարելի է տեսնել, ռազմականացված այս բոլոր կառույցների անձնակազմի հանրագումարը մոտ 27 500 է։

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայողներ

Իհարկե, պետք է հիշել, որ վերոնշյալ կառույցների անձնակազմի մաս է նաև սպայակազմը և եթե հաշվի առնենք համաշխարհային փորձը, համաձայն որի  զինված ուժերում սպաների քանակը կազմում է ընդհանուր անձնակամզի 5-ից 7 տոկոսը, ժամկետային զինծառայողների ընդհանուր թիվը ստանալու համար անհրաժեշտ է 27 000-ից հանել հենց նույն թվի յոթ տոկոսը, այսինքն՝ մոտ 1900։ Որպես ելակետային թիվ վերցրեցինք, 27 000, այլ ոչ 27 500, որովհետև չկար անհրաժեշտություն հաշվել Պետական պահպանության հատուկ ծառայության անձնակազմը, քանի որ հայտնի է ռազմականացված այդ կառույցում ժամկետային զինծառայողների և սպաների հարաբերակցությունը։

Կանխելով ընթերցողի մոտ ծագող հնարավոր հարցերը, անդրադառնանք նաև մեկ այլ գործոնի։ Ռազմականացված այս կառույցների անձնակազմի թվերը մի քանի տարվա վաղեմության են և տրամաբանական է, որ եթե տարիների ընթացքում ծնելիության մակարդակի անկման պատճառով կրճատվում է զինված ուժերի թվաքանակը, ապա կնվազի նաև այս կառույցներում ծառայության ուղարկվող նորակոչիկների քանակը։ Սակայն այս տեսակետի հետ մեկտեղ գոյության իրավունք ունի նաև մեկ ուրիշը, համաձայն որի՝ այս կառույցների համալրմանը տրված է առաջնահերթություն։

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ամենևին էլ առաջին հորիզոնականում չէ ժողովրդավարության մակարդակով և այդ երկրի ներքաղաքական կյանքի իրադարձությունները հաճախ սրվում են այն աստիճան, որ բազմահազարանոց ցույցերը ցրելու նպատակով ներգրավվում են ոստիկանության ներքին զորքերը։ Այլ կերպ ասած, ներքին զորքերն ինչ-որ առումով Իլհամ Ալիևի ավտորիտար իշխանության երաշխավորներից մեկն է և քիչ հավանական է, որ այդ կառույցի անձնակազմը կրճատվի։

Սահմանապահ պետական ծառայության անձնակազմի թվաքանակի հարցը ևս կրում է առօրեական նշանակություն։ Ադրբեջանն ունի 2650 կմ միջպետական սահման, որից 1650-ի պահպանությունը (հայ-ադրբեջանական սահմանի պահպանությունն այս կառույցի գործառույթների մեջ չի մտնում) վստահված է սահմանապահ զորքերին։ Միջպետական 1650 կիլոմետրանոց սահմանի պահպանությունն իրականացնում է թվով ինը սահմանապահ ջոկատ։ Շատ կոպիտ հաշվարկներով ստացվում է, որ սահմանի յուրաքանչյուր կիլոմետրի պահպանության համար հատկացված է ընդամենը 7 հոգի (12 000 / 1650)։ Եվ սա այն դեպքում, երբ ողջ անձնակզմը չէ, որ անմիջականորեն ընդգրկված է սահմանի պահպանությունում։ Դրա զգալի մասն իր ծառայությունը կրում է թիկունքային ապահովման ստորաբաժանումներում։
Նման պարագայում Սահմանապահ ծառայության անձնակազմի կրճատումն ինչ խոսք հնարավոր է, բայց այն չի կարող լինել զգալի։

Ազգային անվտանգության նախարարության զորքերի գործառույթների մասին շատ քիչ է հայտնի, ուստի զերծ կմնանք ենթադրյալ վերլուծություններից։

Իսկ պետական պահպանության հատուկ ծառայության գործառույթների մեջ է մտնում Ադրբեջանի նախագահի անվտանգության ապահովումը, ինչպես նաև Մեջլիսի, նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության, սահմանադրական դատարանի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի և պետական ու ռազմական կարևորության այլ օբյեկտների պահպանությունը։ Այս կառույցն իրականացնում է նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ադրբեջանական հատվածի պահպանությունը։ Իրատեսական չէ, որ նման գործառույթներ իրականացնող կառույցի առանց այդ էլ փոքրաթիվ անձնակազմը (2500 հոգի, որից 500-ը ժամկետայիններ) կենթարկվի կրճատման։

Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության պատվո պահակախմբի վաշտը

Ադրբեջանի Պետական պահպանության հատուկ ծառայության պատվո պահակախմբի վաշտը

Ամփոփելով վերոշարադրյալը, արձանագրենք, որ Ադրբեջանի զորակոչային ներուժից շուրջ 25 000 նորակոչիկ նշանակվում է ծառայության ոչ թե զինված ուժերում, այլ ռազմականացված այս կառույցներում։ Ուստի, երբ տարվում են համեմատականներ հայկական և ադրբեջանական զինուժի թվակազմի միջև, ադրբեջանական թվաքանակը պետք է դիտարկել ոչ թե 101 000-ը, այլ 101 000 – 25 000, հաշվի առնելով այս կառույցներում ծառայող ժամկետայինների թիվը։ Այսինքն, բուն զինված զինված ուժերում ծառայում է շուրջ 76 000 ժամկետային։

Հիշենք նաև, որ այս թիվը չի ներառում սպայակազմը, որն ընդհանուր անձնակազմի մոտ 7 տոկոսն է: Այսինքն, ամբողջական պատկեր ստանալու համար պետք է 76 000-ին գումարել 6 000 և որպես արդյունք կունենաք, որ գլխավոր շտաբին ենթակա զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 82 000 է (76 000 + 6 000): Տեղին է հիշեցնել, որ հայկական զինուժի թվակազմը մոտ 55 000 է և այստեղ հօդս են ցնդում ադրբեջանական բանակի՝ մի քանի անգամ գերազանցող թվաքանակի մասին բոլոր առասպելները։

Զինված ուժերի անձնակազմի համալրման խնդիրներն Ադրբեջանում

Հոդվածում մատնանշվեց՝ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մինչև 2020 թվականը Ադրբեջանական զինուժի մարդկային ռեսուրսների համալրման ծավալները տարեցտարի նվազելու են։ Սակայն այս խնդրի վերաբերյալ բոլորովին այլ կարծիքներ են հնչում Ադրբեջանի ռազմական վերնախավի կողմից։ Ադրբեջանում չկա խնդիր զորակոչի հետ. այս ձևակերպումն է մշտապես հնչում պաշտոնատար տարբեր անձանցից, թեպետ գործնականում արված քայլերը վկայում են բոլորովին հակառակի մասին. Ադրբեջանում ոչ միայն կա զորակոչի խնդիր, այլև այն գնալով ավելի է խորանում։

Այսպես, զորակոչին առնչվող օրենսդրական փոփոխությունների առաջին ալիքը սկսվեց 2008-ին։ Ըստ այդ փոփոխությունների, զորակոչային տարիքի սահմանափակումը 27-ից դարձավ 35։ Ինչպես օրենքի փոփոխման հեղինակներն էին պնդում, սույն որոշումը որևէ կերպ չի առնչվում զինված ուժերի անձնակազմի համալրման խնդիրներին և արվում է բացառապես ՆԱՏՕ-ական չափորոշիչներին համապատասխանեցման համատեքստում։ Այս պնդումը գուցե և ներշնչեր որոշ վստահություն, եթե դրա հետ մեկտեղ փոփոխության չենթարկվեին նաև զորակոչի համար առանցքային նշանակություն ունեցող մի քանի դրույթներ ևս։

Մասնավորապես՝ չեղյալ համարվեցին տարկետման իրավունքի տրամադրման մի շարք պայմաններ, որոնք նախկինում տրամադրում էին սոցիալական դրությունից ելնելով (մեծահասակի խնամակալություն և այլն)։ Բացի դրանից, խստացվեց առողջական խնդիրների պատճառով տրվող տարկետման իրավունքի տրամադրման կարգը, ինչպես նաև սահմանվեց, որ զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու համար բժշկական հանձնաժողովը պետք է երեք անգամ անընդմեջ զորակոչիկին ճանաչի ոչ պիտանի զինվորական ծառայության համար։ Ընդ որում, համաձայն նոր օրենսդրության, առողջական խնդիրների պատճառով յուրաքանչյուր տարկետում տրվում է ոչ ավել, քան մեկ տարի ժամկետով։

Ադրբեջանի Ազգային անվտանգության զորքերը Բաքվի զորահանդեսի փորձերին

Ադրբեջանի Ազգային անվտանգության զորքերը Բաքվի զորահանդեսի փորձերին

Զորակոչին առնչվող օրենսդրական փոփոխություններն այսքանով չսահմանափակվեցին։ Նմանատիպ նախաձեռնությունների հերթական ալիքը բարձրացավ 2013-ին, երբ միաժամանակ մի քանի դրույթների փոփոխման շուրջ ծավալվեցին քննարկումներ Ադրբեջանի Մեջլիսում։ 2013-ի նոյեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ Մեջլիսի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել զինապարտության մասին օրենքում փոփոխություններ անելու նախաձեռնությամբ։ Վերջիններս առաջարկում էին բարձրացնել զինվորական ծառայության տարիքային սահմանափակման շեմը՝ 35-ից դարձնելով 40։ Այս նախաձեռնությունն առայժմ կյանքի չկոչվեց, իսկ Մեջլիսի Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն էլ հայտարարեց, որ տարիքային շեմի բարձրացումն անիմաստ է, քանի որ ներկայիս շեմը՝ 35 տարեկանը, ամբողջությամբ բավարար է բոլոր խավերին ընդգրկելու, այն է՝ առողջական խնդիրների պատճառով կամ ուսման նպատակով տարկետում ստացած անձանց զորակոչելու համար։ Մինչդեռ, հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում՝ 2008-ին, երբ տարիքային շեմը 27-ից դարձավ 35, որպես դրա պատճառ նշվում էր բացառապես ՆԱՏՕ-ի չափորոշիչներին համապատասխանեցումը։

Նշենք նաև, որ նույն այդ ՆԱՏՕ-ի չափորոշիչների համաձայն՝ զորակոչային տարիքը սահմանված է մինչև 45-ը և այս համատեքստում Ադրբեջանի բերած պատճառաբանությունները կապված տարիքային շեմի բարձրացման հետ առնվազն համոզիչ չեն։

Առաջարկի քննարկման ժամանակ Մեջլիսի Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը բաց չթողեց պատեհ առիթն ու ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը չունի խնդիրներ կապված զորակոչի հետ։ Որպես իր ասածի վկայություն Օրուջն ասաց. «Ադրբեջանում զորակոչիկների քանակը բավարար է։ Եթե հաշվենք, թե յուրաքանչյուր տարի քանի տղա է հաճախում առաջին դասարան, կունենանք մոտավոր թիվ, թե քանի հոգի կզորակոչվի բանակ տասը տարի անց։ Եթե չկա խնդիր զորակոչիկների քանակի հետ, արդյո՞ք կա անհրաժեշտություն բարձրացնել զորակոչի տարիքային շեմը»։

Զահիդ Օրուջի խոսքերն իհարկե հնչում են համոզիչ, բայց նույն Օրուջին կարելի է հորդորել նմանատիպ հայտարարություններ անելուց առաջ նախ անձամբ ծանոթանալ այն թվերին, որոնց վրա կառուցում է իր խոսքը։ Այսպես, հետևելով Օրուջի խորհրդին՝ նայենք, թե տարեկան քանի տղա է հաճախում առաջին դասարան։ Վիճակագրության կոմիտեի տվյալների համաձայն՝ 2000 թվականին Ադրբեջանի դպրոցներում առաջին դասարան է հաճախել 86 663 տղա, իսկ 2005-ին արդեն 65 680։ Եթե զորակոչիկների թվի 21 000-անոց անկումը Անվտանգության և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից չի դիտվում որպես խնդիր, ապա մեզ մնում է միայն հաջողություն մաղթել նրան իր հետագա պաշտոնավարման ընթացքում։

Ուշագրավ հաջորդ իրադարձությունը 2013-ի դեկտեմբերի 11-ին արված առաջարկն էր, որով հանդես եկավ Ադրբեջանի Սահմանապահ պետական ծառայությունը: Վերջինս առաջարկում էր փոփոխությունների ենթարկել ֆիզիկական տվյալների նկատմամբ պահանջների չափորոշիչները, որոնք սահմանված են սահմանապահ ծառայությունում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների համար։ Առաջարկվող փոփոխություններից մեկը հասակի շեմի սահմանափակման չեղարկումն է։ Ներկայումս 155 սմ-ից ցածր հասակ ունեցողները չեն կարող աշխատանքի անցնել Սահմանապահ պետական ծառայությունում։ Այս շեմի վերացման հարցն այժմ քննարկման փուլում է։

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվորական երդման արարողությունից

Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինվորական երդման արարողությունից

Սույն առաջարկը կրկին գալիս է հաստատելու այն փաստը, որ չնայած բոլոր հերքումներին, Ադրբեջանում լրջորեն զգում են մարդկային ռեսուրսների սակավություն և այդ խնդրի լուծման ուղղությամբ արվում են հստակ քայլեր։

Զորակոչային խնդիրների առկայության ևս մեկ վկայությունը 2013-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունն է, որում ասվում է, որ պայմանագրային հիմունքներով ծառայել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել իրենց բնակության վայրի մոտակա բանակային միավորման հրամանատարությանը՝ զինված ուժերում պայմանագրային հիմունքներով ծառայության անցնելու նպատակով։ Սրանով, փաստորեն, Ադրբեջանում փորձ է արվում ավելի լայն ծավալներ հաղորդել պայմանագրային զինծառայությանը, որը թեպետ օրենսդրորեն գործում է, սակայն գործնականում դեռ հեռու է կայացած համարվելուց։

Խնդրի առկայության մասին վկայող վերջին որոշումը, որը կայացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ քաղաքացիական անձանց ներգրավումն է տնտեսական բնույթի գործառույթներ ենթադրող հաստիքներում, ինչպես նաև ռազմական օբյեկտների պարեկությունում։ Համապատասխան հայտարարությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հանդես եկավ 2014-ի փետրվարի 17-ին։
Ի մի բերելով վերոշարադրյալը, կրկին վերհիշենք ադրբեջանցի պաշտոնյաների դիրքորոշումը. Ադրբեջանում զորակոչի հետ «խնդիրներ չկան»:

Ամփոփում

Արցախյան պատերազմի ակտիվ փուլի ավարտին (1994-ի մայիս) հաջորդեց հակամարտության թևակոխումը տեղեկատվական դաշտ, որի շրջանակներում Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրվեցին սեփական և հայկական զինված ուժերին վերաբերող քարոզչական մի շարք թեզեր: Դրանցից մեկը ադրբեջանական զինուժի թվաքանակի մի քանի անգամյա գերակայությունն է հայկականի նկատմամբ: Այս թեզը ցավոք, պարարտ հող է գտել մեր հասարակության շրջանում, սակայն ինչպես հնարավոր եղավ տեսնել, իրական պատկերն ամենևին այլ է:

Հնարավոր ռազմական գործողություններում ընդգրկվող ադրբեջանական զինուժի թվաքանակը չի գերազանցում հայկական ուժերին նույնիսկ երկու անգամ: Համենայն դեպս, Ադրբեջանի ժողովրդագրական ներկա վիճակում իրականությունը սա է: Այս խնդիրն Ադրբեջանում շարունակելու է խորանալ ընդհուպ մինչև 2020 թվականը և որքան էլ պաշտոնյաների կողմից զինուժի համալրման խնդիրների առկայությունը հերքվի, դրանից միևնույնն է իրական պատկերը չի փոխվելու:

Կարող է հնչել տեսակետ, թե ժողովրդագրական պատկերը հուսադրող չէ նաև Հայաստանում և այստեղ ևս խորանալու են զինված ուժերի համալրման խնդիրները: Նման խնդիր իհարկե կա, բայց ի տարբերություն հարևան երկրի՝ Հայաստանում արդեն տևական ժամանակ ներդրվել և լիարժեք գործում է պայմանագրային զինծառայության համակարգը և պայմանագրային զինծառայողներն այսօր կազմում են զգալի թիվ՝ լրացնելով այն բացը, որը զգացվում է զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներով համալրման ընթացքում:

Այս պատկերի համատեքստում պետք է հիշեցնենք նաև, որ առաջիկա հնարավոր պատերազմում ադրբեջանական բանակն ամենայն հավանականությամբ լինելու է հարձակվողի դերում և հայկական բնագծերի զբաղեցման ու պաշտպանական շրջանների հաղթահարման համար անհրաժեշտ է ունենալ մի քանի անգամյա քանակական գերակայություն, ինչն այսօր հեռու է իրականությունից և կշարունակի մնալ այդպիսին տեսանելի ապագայում:

 

6 responses to “Դեմոգրաֆիական պատկերն Ադրբեջանի զինված ուժերում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *