Ադրբեջանին տեղեկություններ փոխանցելու համար մեղադրվող Մարտիրոսյանի միջադեպի պարզաբանում ՀՀ ԱԱԾ-ից

2014-ի հունվարի 31-ին ձերբակալվել էր  ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Խաչիկ Մարտիրոսյանը՝ Ադրբեջանին ռազմական բնույթի տեղեկություններ փոխանցելու փորձի մեղադրանքով։

Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունն օրերս հերքել էր իր առնչությունը մեղադրյալի հետ և որակել միջադեպը հայկական կողմի «սադրանք»։

ՀՀ ԱԱԾ-ն  փետրվարի 6-ին պարզաբանել է իրավիճակը՝ շեշտելով, որ բոլոր ապացույցները կներկայացվեն դատարանում։

«Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք «բեմադրություն» կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանամերձ գոտու բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես «հայկական դիվերսանտ», ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ: Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին»,-նշված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Ադրբեջան անցած 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հոգեկան խանգարումներ ունի։ Չնայած այս հանգամանքին՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առանց որևէ փաստարկների նրան «դիվերսանտ» է ներկայացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *