Հնդկական ռազմածովային ուժերը Trikand ֆրեգատից 2 գերձայնային BrahMos հրթիռների համազարկային արձակում է կատարել Հնդկաստանի ափերի մոտ։ Հրթիռներն արձակել են 3 վայրկյանի տարբերությամբ։
Փորձարկումն, ըստ ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալության, հաջողությամբ է ավարտվել։ Առաջին հրթիռը խոցել է թիրախն, իսկ երկրորդը թռչել է տրված ուղեգծով։ Հնդկական կողմը հայտնում է, որ սա գերձայնային հրթիռների առաջին համազարկային արձակումն է։
Արձակված BrahMos հրթիռները համատեղ նախագծել ու արտադրում են Ռուսաստանն ու Հնդկաստանը։ Հրթիռների նախագծումը կատարել են 1998-ից սկսած, իսկ առաջին անգամ ներկայացրել են 2006-ին։
Ներկայումս այս հրթիռներից մի քանի հարյուր միավոր առկա է Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։ Ստեղծվել են հրթիռի մի շարք արդիականացումներ մակերևույթից, օդից ու սուզանավերից արձակման համար։
Հրթիռի զանգվածը 3 տոննա է (օդից արձակվող տարբերակը՝ 2,5 տոննա), իսկ մարտական մասի զանգվածը՝ 250-300 կգ, հրթիռը կարող է տեղափոխել նաև միջուկային մարտագլխիկ։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը 15 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ 300 կմ։ Հրթիռը թռչում է ձայնի արագությունը 2 անգամ գերազանցող արագությամբ, իսկ առավել մեծ բարձրություններում՝ շուրջ 750 մ/վ արագությամբ։