Լիբանանի բանակը Սիրիայի հետ սահմանին զինամթերքի պահեստ է հայտնաբերել

Լիբանանի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին զինյալների խմբավորումներին հետապնդելու ընթացքում հայտնաբերել են մեծ քանակի զենք-զինամթերքի պահեստ։ Այն տեղակայված է Այդամուն ավանում՝ սիրիացի փախստականների վարձակալած կացարանում։

Լիբանանի բանակ

Լիբանանի բանակ

Ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Լիբանանի զինծառայողները պահեստից հանել են ԲՄ-21-ի ռեակտիվ արկեր, հակատանկային նռնականետեր, ինքնաձիգեր, դիպուկահար հրացաններ, պայթուցիկներ։

Նկատենք, որ վերջին ամիսների ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ Լիբանանի ԶՈւ ստորաբաժանումները երկրի հյուսիսային հատվածներում զինամթերքի պահեստներ են գտնում։

Նրանց հաջողվել է նաև օրերս ճանապարհի կեսին կասեցնել Սիրիայից դեպի Բեյրութ ընթացող զինյալների ականապատ ավտոմեքենաների շարասյուները, որոնց առաքելությունը Լիբանանի տարածքում ահաբեկչություն իրականացնել էր։

Հավելենք նաև, որ Լիբանանի իշխանությունները հետապնդում են «ալ Կաիդայի» հետ առնչություն ունեցող 3 խմբավորումների, որոնք կարող են սպառնալիք լինել Լիբանանի իշխանությունների համար։ Նշված խմբավորումներն են «Աբդալ Ազամի բրիգադը», «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը», «ալ Նուսրայի ճակատը»։ Այս երեք խմբավորումներն էլ Բեյրութի՝ շիա մուսուլմաններով բնակեցված թաղամասերում ահաբեկչություններ են իրականացրել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *