Հնդկաստանի հայտարարած փոքր ու միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրների գնման մրցույթին մասնակցելու համար 2014-ի ապրիլ-հունիս ամիսներին ռուսաստանյան արտադրության Տոռ-Մ2ԿՄ համալիրները կանցնեն փորձարկումներ։ Նախատեսվում է, որ մոդուլային համալիրը փորձարկումներ կանցնի հնդկական TATA մեքենաների շասսիներով։
Հայտարարած մրցույթի համաձայն՝ Հնդկաստանը մտադիր է ձեռք բերել զենիթահրթիռային համալիրների երկու գնդային կոմպլեկտ։ Այս մասին հայտնել է ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներն արտադրող «Ալմազ-Անթեյ» ընկերության մամուլի քարտուղարը Հնդկաստանում անցկացվող DEFEXPO-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Տոռ-Մ2ԿՄ զենիթահրթիռային համալիրները նույնպես մասնակցում են այս ցուցահանդեսին։
Տոռ-Մ2ՄԿ զենիթահրթիռային համալիրը նախատեսված է կարևորագույն ռազմական ու պետական օբյեկտներն ուղղաթիռների և ինքնաթիռների հարվածներից, թևավոր, հակառադիոտեղորոշիչ ու այլ կառավարվող հրթիռներից, ավիառումբերից ու անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու համար։
Համալիրի կազմի մեջ են մտնում 9Ա331ՄԿ-1 առանձին մարտական հանգույցն ու 9Մ334 զենիթահրթիռային հանգույցը՝ 4 միավոր 9Մ9331 կառավարվող հրթիռներով։ Ընթացիկ փորձարկումների ժամանակ մոդուլային համալիրը տեղադրված է եղել հնդկական TATA մեքենայի վրա։
Տոռ-Մ2ԿՄ հնդկական TATA մեքենայի բազայի վրա
Համալիրը օդային թիրախներ հայտնաբերում է շուրջ 32 կմ հեռավորությունից, միաժամանակ կարող է հսկել մինչև 10 թիրախ ու միաժամանակ հարվածել մինչև 4 թիրախի։ Հրթիռի թռիչքի հեռավորությունը 10-15 կմ է։ Համալիրի մոդուլի զանգվածը 15 տոննա է, անձնակազմը՝ 2 հոգի։
Մոդուլային կառուցվածքի ու զանգվածի շնորհիվ համալիրը կարող է տեղադրվել ինչպես բեռնատարների, այնպես էլ նավերի ու տանիքների վրա, տեղափոխվել ուղղաթիռներով։