Հայրենասիրական դաստիարակության բացակայությունը նշել ենք որպես սպառնալիք Հայաստանին. Օհանյան

Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանին և կազմակերպության տարածքային մասնաճյուղերի համակարգողներին: Հանդիպմանը մասնակցել են նաև բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների պետեր։

Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը, այնուհետև նաև«Հայոց արծիվների» ղեկավար Խաչիկ Ասրյանը։ Իր խոսքում Ասրյանը ներկայացրել է անցած չորս տարիների ընթացքում կազմակերպության իրականացրած գործունեությունը, նշել, որ «Հայոց արծիվները» այցելություններ է կատարել ավելի քան 500 զորամասեր և սահմանամերձ բնակավայրերի կրթօջախներ։

Սեյրան Օհանյանը կարևորել է «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության գործունեությունը և նշել, որ անցած տարիների ընթացքում նրանք ծավալուն աշխատանք են կատարել:

«Անչափ կարևոր է, որ կազմակերպության կորիզը, որն այսօր գոյություն ունի, հնարավորություն է տալու, որպեսզի կազմակերպությունը նաև հաջորդ տարիներին ընդլայնվի և տարածվի հատկապես սահմանամերձ բնակավայրերում: Պաշտպանության նախարարության գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն էլ հայրենասիրական դաստիարակությունն է, որը մաս է կազմում յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի, բնակչության ազգային գաղափարական պատրաստականության, ներքին և արտաքին քաղաքականության, կրթության և գիտության, տնտեսության և ռազմական նպատակների: Եվ դա է պատճառը, որ նախկին ռազմական վերանայման ընթացքում և նաև մեր ռազմավարական փաստաթղթերի մեջ հայրենասիրական դաստիարակության բացակայությունը մենք նշել ենք որպես սպառնալիք Հայաստանի Հանրապետությանը»,-ասել է Սեյրան Օհանյանը և ընդգծել մի քանի խնդիրներ, որոնց վրա կազմակերպության ղեկավարներն առանձնակի ուշադրություն պետք է դարձնեն:

Հանդիպման ավարտին «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին պարգևատրել է «Հայոց արծիվներ» հուշամեդալով և խորհրդանշական հուշանվերով:

Կազմակերպության աշխատանքներին աջակցելու համար Ասրյանը հուշանվերներ հանձնեց նաև ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանին ու ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *