Եգիպտոսի պաշտպանության նախարար, ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին համաձայնել է առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում առաջիկա ընտրություններին։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ալ Սիսին հայտարարել է, որ այլընտրանք չունի, պարտավոր է կատարել ժողովրդի ցանկությունը։
Հիշեցնենք, որ Եգիպտոսի զինված ուժերի բարձրագույն խորհուրդը հունվարի 27-ին կոչ էր արել պաշտպանության նախարարին առաջադրել իր թեկնածությունը երկրի նախագահի պաշտոնում:
Սիսին, համաձայն Եգիպտոսի օրենսդրությանը, պետք է հրաժարական տա և թողնի պատշպանության նախարարի պաշտոնը:
Եգիպտոսում նախագահական ընտրությունները նախանշված են 2014-ի ապրիլի վերջին, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թեկնածուների հայտերն ընդունելու է փետրվարի 18-ից:
Նկատենք, որ ֆելդմարշալ Աբդել-Ֆաթթահ ալ-Սիսին Եգիպտոսում ամենամեծ հեղինակություն վայելող քաղաքական գործիչներից է, չնայած նրան, որ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ադլի Մանսուրը: Վերջինս պետությունը ղեկավարում է ժամանակավորապես և նշանակվել է այդ պաշտոնում զինվորականների աջակցությամբ: Նախագահ Մանսուրը Սիսիին շնորհել է ֆելդմարշալի զինվորական կոչում, որը բարձրագույնն է եգիպտական բանակում։
2013-ի հուլիսին եգիպտական բանակը գահընկեց արեց նախագահ Մոհամմադ Մուրսիին, ինչին նախորդել էր շաբաթներ տևած ժողովրդական բողոքի ալիքը: Վիճակը կայունացավ, երբ ծավալվող իրադարձություններին միջամտեց բանակը: Այդ պահից ի վեր երկրի ղեկավարման գործում առանցքային նշանակության հարցերը համաձայնեցվում են զինված ուժերի զինվորական բարձրագույն խորհրդի հետ: