ԱՄՆ-ն արդիականացնում է իր Abrams տանկերը

ԱՄՆ զինուժի 12 միավոր M1A2 Abrams տանկեր կարդիականացվեն մինչև M1A2 SEP V2 մակարդակի։ Արդիականացման պայմանագիրը, որը կնքել են General Dynamics ընկերությունն ու ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարությունը, արժեցել է 72,7 մլն ԱՄՆ դոլար։ Ըստ պայմանագրի՝ տանկերը պատվիրատուին կտրամադրվեն մինչև 2015 թվականի ավարտը։

ԱՄՆ զամաքային զորքերի M1A2 SEP (1-ին տարբերակ) տանկը

ԱՄՆ զամաքային զորքերի M1A2 SEP (1-ին տարբերակ) տանկը

SEP V2 (System Enhancement Package 2nd version) տարբերակը ամերիկյան Abrams տանկերի ամենաժամանակակից արդիականացումն է։ Այս արդիականացման կարևորագույն առանձնահատկությունը կրակի կառավարման համակարգի ծրագրային ապահովման կատարելագործումն է։ Արդիականացման ծրագրով նախատեսված է տանկերի վրա տեղադրել նաև նոր գունավոր դիսփլեյներ, գիշերային ու ինֆրակարմիր նշանոցներ։

Արդիականացվող տանկերի վրա տեղադրվում են նաև տանկի հրամանատարի հեռակառավարվող մարտական հանգույց (CROWS II), տանկի ներքին ջերմաստիճանի կարգավորման համակարգ, հետևակի հետ կապի համար նախատեսված հեռախոս և այլն։

12 M1A2 տանկերի արդիականացման պայմանագիրը ավելի խոշոր պայմանագրի մաս է, որը կնքել են ԱՄՆ-ն ու General Dynamics ընկերությունը։ Պայմանագրով նախատեսված է ԱՄՆ ցամաքային զորքերի 435 միավոր M1A1  տանկեր արդիականացնել մինչև SEP V2 մակարդակի։ Այն կնքվել է 2008-ին ու նախատեսված է ավարտել 2028-ին։ Պայմանագիրն արդեն ընթացքի մեջ է, իսկ արդիականացումն իրականացվում է General Dynamics ընկերության՝ ԱՄՆ 5 նահանգներում գտնվող գործարաններում։

Ամերիկյան բազային M1 Abrams հիմնական մարտական տանկն առաջին անգամ ներկայացվել է 1980-ին։ Այն ունի մի շարք հիմնական արդիականացումներ, ինչպես M1A1, M1A2 ու M1A3 (նախագծման փուլում է)։ Տանկը զինված է 105 մմ ակոսավոր (M1) կամ 120 մմ հարթափող (M1A1, M1A2 և ավելի ուշ արդիականացումներ) թնդանոթներով, ինչպես նաև մեկ 12,7 մմ ու երկու 7,62 մմ գնդացիրներով։ Անձնակազմը 4 հոգի է՝ հրամանատար, նշանառու օպերատոր, լիցքավորող ու վարորդ։ Տանկի վրա տեղադրված է 1500 ձիաուժանոց շարժիչ, որի շնորհիվ տանկը խճուղում կարող է զարգացնել մինչև 67 կմ/ժ արագություն։

M1A2 տանկի մոտավոր գինը 6,2 մլն ԱՄՆ դոլար է։ Abrams տանկերն առկա են ԱՄՆ, Եգիպտոսի, Իրաքի ու մի քանի այլ երկրների սպառազինության մեջ։ Այս ընտանիքի տանկերը մասնակցել են Պարսից ծոցի պատերազմին (1990-1991), Աֆղանստանի պատերազմին (2001-ից) ու Իրաքյան պատերազմին (2003-2011)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *