ԱՄՆ զինուժը Պակիստանի կառավարության առաջարկով ժամանակավորապես դադարեցրել է անօդաչու թռչող սարքերից օդային հարվածներ հասցնել, որոնց հետևանքով Պակիստանում նաև խաղաղ բնակիչների են սպանվել։
Ինչպես հաղորդում է ամերիկյան The Washington Post պարբերականը, դադարն անհրաժեշտ է, որպեսզի Իսլամաբադը կարողանա բանակցություններ սկսել «Թալիբան» խմբավորման զինյալների հետ։
Այնուհանդերձ, նույնիսկ դադարն է կասկածելի, քանի որ ԱՄՆ-ն զինուժը վկայել է՝ եթե դադարի ժամկետներում հայտնի դառնա «ալ Կաիդայի» այս կամ այն զինյալի թաքստոցի մասին, ինչպես նաև պարզվի, որ զինյալները սպառնում են ԱՄՆ քաղաքացիներից որևէ մեկին, ապա ԱԹՍ-ից հարկադրված են լինելու հրթիռակոծել տեղանքը։
Հիշեցնենք, որ Պակիստանում ամերիկյան ԱԹՍ-ները պասիվ են 2013-ի դեկտեմբերից մինչ օրս։ 2013-ի նոյեմբերին ամերիկյան ստորաբաժանումները չեզոքացրել էին «Թալիբանի» տեղական ճյուղի առաջնորդ Հաքիմուլլա Մեհսուդին։
Այնուհետև Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը մեղադրանքներ էր ներկայացրել ԱՄՆ-ին բանակցային գործընթացը խաթարելու համար, քանի որ ավիահարվածներից հետո զինյալները հրաժարվել էին բանակցություններից։
Նշենք, որ «Թալիբանն» ազդեցություն ունի Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ Աֆղանստանի հետ սահմանին, որտեղ Իսլամաբադի վերահսկողությունը նվազագույն է։ ԱՄՆ-ն պնդում է՝ հենց այս լեռնային հատվածներում էլ պատսպարվել են զինյալները, ուստի ԱԹՍ-ներից հասցված հարվածներով հնարավոր կլինի արդյունավետ կերպով չեզոքացնել նրանց։
Bureau of Investigative Journalism ՀԿ-ի փոխանցմամբ՝ 2012-ին Պակիստանում ԱԹՍ-ների հարվածներից մահացել է 396 հոգի, որոնցից 63-ն առնչություն չունեին ահաբեկչական խմբավորումների հետ:
Պակիստանի կառավարության տվյալներով՝ 2013-ի հոկտեմբերի վերջի դրությամբ, վերջին 5-6 տարիների կտրվածքով՝ երկրում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների զոհ է դարձել 2227 հոգի, որոնց թվում է 67 խաղաղ բնակիչ։ Ընդ որում, զոհերի շարքում կան նաև եվրոպական երկրների քաղաքացիներ։
Նկատենք, որ Պակիստանի մի շարք ՀԿ-ներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բողոքել են կառավարության հրապարակած այս թվերի դեմ՝ փաստելով, որ դրանք զգալիորեն նվազեցված են։ ԱՄՆ-ի կողմից ԱԹՍ-ների նման կիրառումը Պակիստանի տարածքում հանգեցրել է բողոքի ցույցերի: