Իսրայելում օդաչուներին ձերբակալել են սմարթֆոններում գաղտնի նյութեր պահելու համար

Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու օդաչու ձերբակալվել է, ևս 11-ը ստացել է խիստ նկատողություն՝ իրենց սմարթֆոններում ռազմական քարտեզներ և նմանատիպ այլ տեղեկություններ պահելու համար: Այս մասին հաղորդում է The Times of Israel լրատվակայքը:

Իսրայելի ՌՕՈւ օդաչուներ

Իսրայելի ՌՕՈւ օդաչուներ

Գաղտնի տեղեկությունների պահպանման կանոնների խախտման մասին հայտնի է դարձել, երբ օդաչուներից մեկը կորցրել է իր սմարթֆոնը և զեկուցել է այդ մասին վերադաս հրամանատարությանը՝ հայտնելով որ իր հեռախոսի մեջ եղել են փաստաթղթերի լուսանկարներ, քարտեզներ և տեղեկություններ թռիչքի երթուղիների մասին: Օդաչուն ինքն է հայտնել այդ մասին՝ փորձելով կանխել հետևանքները, որոնք կարող են առաջանալ սմարթֆոնի՝ անցանկալի ձեռքերում հայտնվելու դեպքում:

Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Էշելը հանձնարարել է ստուգել՝ արդյո՞ք նման տեղեկություններ չեն պահվում այլ ստորաբաժանումների օդաչուների մոտ և ձեռնարկել բոլոր միջոցները նման միջադեպերի հետագա բացառման համար: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ևս 14 օդաչու խախտել են գաղտնիության ռեժիմն ու վերբեռնել են ծառայողական նյութերն իրենց սմարթֆոնների մեջ: Այժմ որոշվում է այդ օդաչուների պատժաչափը:

Հավելենք, որ Իսրայելի զինվորական ղեկավարությունն այս միջադեպը մեկնաբանելիս նշում է, որ չի դիտարվկում ռազմական տեղեկությունների միտումնավոր արտահոսքի կազմակերպման կամ հակառակորդին փոխանցման վարկածը և կատարվածը որակում է որպես ծառայողական անփութություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *