ՌԴ-ն հանձնում է ՀՀ-ին մեկ ռազմավան՝ ստանալով երկուսը

Փետրվարի 4-ին Ռուսաստանի կառավարությունը հաստատել է Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմաններին վերաբերող համաձայնագրին կից արձանագրությունը։ Ըստ արձանագրության՝ ՌԴ-ն հետ է հանձնում ՀՀ տարածքում մեկ ռազմավան, ստանում երկուսը։
102-րդ ռազմաբազա զորավարժություն

Ինչպես հաղորդում է ռուսական «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, ՌԴ-ն վերադարձնելու է ՀՀ-ին ավելի վաղ հայկական կողմի տրամադրած Շիրակի մարզի Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը։ Գործակալության փոխանցմամբ՝ դրա փոխարեն հայկական կողմը ՌԴ-ին հանձնելու է երկու ռազմավան. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Գյումրիում։

Այսպիսով, Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի կողմից շահագործվող օբյեկտների թիվն ավելանում է՝ հասնելով 21-ի։

ՌԴ պաշտպանության նախարարությանը և ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է հայկական կողմի հետ բանակցություններ վարել  արձանագրության տեքստում էական փոփոխություններ չանելու շրջանակներում։

Նկատենք, որ դեռևս 2013-ի նոյեմբերի 20-ին հայտնի էր դարձել՝ ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստում ընդգրկվել է ՀՀ-ում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու հարցը։

ՀՀ կառավարության արձանագրությունում ևս նշված էր, որ Հացիկ գյուղի N 1 ռազմական ավանը հանվելու է ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկից, փոխարենը տրամադրվելու են Գյումրի քաղաքի Սվերդլովի 222 փողոցի N 21 ռազմական ավանը, Երևան քաղաքի Արշակունյաց փողոցի N 7 ռազմական ավանը։

Հիշեցնենք նաև, որ 2014-ի հունվարի 28-ին ՌԴ կառավարության օրինագծային հանձնաժողովը հաստատել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի վավերացմանը վերաբերող օրինագիծը։
Պայմանագիրը կնքվել էր 2013-ի հունիսի 25-ին Երևանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *