ԱՄՆ-ն Հունաստանին զրահատեխնիկա է նվիրում

ԱՄՆ իշխանությունները հաստատել են Հունաստանին 250-300 M113A3 զրահափոխադրիչներ տրամադրելու ծրագիրը։ Զրահափոխադրիչները ԱՄՆ-ն տրամադրելու է անվճար, սակայն պայմանով, որ հունական կողմը զրահատեխնիկան ԱՄՆ-ից Հունաստան կտեղափոխի սեփական միջոցներով։

Թեև գործարքի գինը չի հայտարարվում, բայց ըստ Jane’s ռազմական հանդեսի՝ կարելի է ենթադրել, որ զրահափոխադրիչների քանակով պայմանավորված՝ դրանց տեղափոխումը թանկ չի նստի Հունաստանի վրա։

Հունական զինված ուժերում այս զրահափոխադրիչները կփոխարինեն սպառազինության մեջ առկա M113A1 զրահափոխադրիչներին։ Իսկ վերջիններս կտրամադրվեն Հունաստանի ԶՈւ զրահատանկային ու հրետանային ստորաբաժանումներին։ Արդիականացումից հետո զրահափոխադրիչները կկիրառեն որպես հրամանատարական և այլ մեքենաներ։

Նշենք, որ ԱՄՆ-ն արդեն երկրորդ անգամ է Հունաստանին նման գործարք առաջարկում։ 2013-ի մայիսին ԱՄՆ-ն որոշել էր Հունաստանին հանձնել M113 զրահամեքենաների երեք տարբերակ՝ M113A2 զրահափոխադրիչներ, M577A2 հրամանատարական մեքենաներ ու TOW M901A2 ինքնագնաց հրթիռային կայաններ։ Զրահատեխնիկայի ընդհանուր քանակը 470 միավոր էր։ Թեև զրահատեխնիկայի տեղափոխումը գնահատվում էր շուրջ 6,7 մլն ԱՄՆ դոլար, Հունաստանը մինչև հիմա չի արձագանքել այս առաջարկին։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հրաժարվում է իր զրահատեխնիկայի մի մասից։ Մասնավորապես ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը պատրաստվում է դուրս գրել երկրի սպառազինության շուրջ 16 հազար MRAP տիպի զրահամեքենաների համարյա կեսը, ինչը հիմնավորում է դրանց պահպանման ու սպասարկման ծախսատար լինելով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *