Ռուսաստանում հիմնել են ռազմական ոստիկանություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 3-ին հաստատել է Պետդումայի ընդունած օրինագիծը զինված ուժերում ռազմական ոստիկանության ստեղծման մասին: Օրինագծում հստակ սահմանվել են այն գործառույթները, որոնք այսուհետ իրականացնելու է ռազմական ոստիկանությունը:

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանություն

Ըստ այդմ, նորաստեղծ կառույցը զինծառայողների շրջանում ապահովելու է օրինականություն, կարգապահություն, ռազմական օբյեկտների պահպանություն և զինտեխնիկայի ճանապարհային երթի անվտանգություն: Նորաստեղծ կառույցը ենթարկվելու է անմիջականորեն պաշտպանության նախարարին:

Այսուհետ ռազմական ոստիկաններն են նաև սահմանելու զինծառայողների պատժաչափերը և կայազորի հրամանատարների հետ մեկտեղ զինծառայողներին ներկայացնելու են խրախուսանքի: Նախնական փուլում ռազմական ոստիկանության անձնակազմը լինելու է 6 500 հոգի:

Պետդումայում այս կառույցի ստեղծման օրինագծի քննարկման ժամանակ դրա հեղինակները նշել են, որ այսուհետ զորամասերի և կայազորների հրամանատարները ստիպված չեն լինի զբաղվել անձնակազմի կարգապահությանն առնչվող հարցերով, ինչը նրանց հնարավորություն կտա կենտրոնանալ իրենց անմիջական պարտականությունների պատշաճ կատարման վրա:

Նշենք, որ ներկայումս ՌԴ զինված ուժերում անձնակազմի կարգուկանոնի պահպանումը հսկում է զինվորական պարետատունը, իսկ զինտեխնիկայի ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հսկողությունն իրականացնում է զինվորական ավտոտեսչությունը:

Հավելենք նաև, որ նման կառույցի ստեղծման գաղափարը ՌԴ-ում քննարկվում է դեռևս 2009-ից, Ռազմական ոստիկանության գլխավոր վարչությունը ստեղծվել է 2011-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *