Մալայզիայի ռազմաօդային ուժերի AW109 ուղղաթիռը հունվարի 30-ին վթարային վայրէջք է կատարել Ջոհոր նահանգի Բեքոք Դամ գյուղին կից ջունգլիներում։ Գիշերային ուսումնական վարժանքների ժամանակ ուղղաթիռը վնասել էր պոչամասը և պտուտակները։ Անձնակազմի անդամներից որևէ մեկը չի տուժել։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» ռազմական վերլուծական հանդեսը, ուղղաթիռի ղեկին եղել է ֆրանսիացի օդաչուն, ուղղաթիռում եղել են Մալայզիայի ՌՕՈւ 3 զինծառայողներ։
Նկատենք, որ ֆրանսիացի 2-3 օդաչու-տեսուչ ներկա դրությամբ ուսումնական դասընթացներ է անցկացնում Մալայզիայի զինծառայողների համար՝ որակավորումը բարձրացնելու նպատակով։
Նախնական տվյալներով՝ վնասված ուղղաթիռը դուրս կբերվի շահագործումից։
Հավելենք, որ AW109 ուղղաթիռն Agusta Westland ընկերության արտադրանքն է։ Այն տեղավորում է 8 հոգու, ունի երկու շարժիչ, նախատեսված է հիմնականում ծովային գործողությունների համար։