ՌԴ-ն Վենեսուելային հանձնել է Ս-125-երի հերթական խմբաքանակը

Ռուսաստանը Վենեսուլեային է տրամադրել Ս-125 Պեչորա-2Մ զենիթահրթիռային համալիրների հերթական խմբաքանակը, որոնց վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր դեռևս 2009-ին։

Ս-125 «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիր

Ս-125 «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիր

Ինչպես հաղորդում է վենեսուելական Infodefensa պարբերականը, Պեչորա-2Մ զենիթահրթիռային համալիրները Վենեսուելա են հասել 2014-ի հունվարի 29-ին Օուշն Փրայդ նավի վրա։

Վենեսուելայի զինված ուժերի ռազմավարական օպերատիվ հրամանատարության ղեկավար, գեներալ Վլադիմիր Պադրինո Լոպեսը հայտարարել է՝ նոր խմբաքանակի ստացումը հանձնարարված է Վենեսուելայի ՀՕՊ միացյալ հրամանատարությանը։

Հավելենք, որ Վենեսուելայի ՊՆ-ն 11 դիվիզիոն նման համալիրների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է 2009-ի սեպտեմբերին, իսկ դրանց տրամադրման գործընթացը մեկնարկել է 2011-ի կեսերին։ Ներկայումս, ըստ աղբյուրի, Վենեսուելայի ՀՕՊ զորքերի 4 բրիգադ արդեն ունի Ս-125 Պեչորա-2Մ։ Մեկ այլ խմքաբանակ Վենեսուելային փոխանցվել է 2013-ի ապրիլին. տրամադրվել է 2 դիվիզիոն։

Նկատենք, որ կողմերի միջև կնքված պայմանագրի արժեքն է 11 մլրդ ԱՄՆ դոլար, ընդ որում՝ դրանից 4 մլրդը Կարակասը ստացել է արտահանման վարկի տեսքով։ Ընդհանուր առմամբ, Կարակասը պատվիրել էր նաև Տ-72Բ1Վ տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի համակարգեր, «Բալ-Է» առափնյա հրթիռային համակարգեր, «Մաշինա-Մ» կրակի կառավարման համալիրներ, «Մստա-Ս» ինքնագնաց հաուբիցներ, շարժական զենիթահրթիռային համալիրներ։

Ս-125-ի արդիականացված տարբերակը՝ Ս-125 «Պեչորա-2Մ»-ն ավարտական փորձարկումներն անցել է 2002-ի մայիսին։ Արդիականացված տարբերակն ունակ է օդային թիրախներ խոցել մինչև 27 կմ հեռավորության վրա, ընդ որում այն ավելի դիպուկ է խոցում ցածր բարձրության վրա թռչող օբյեկտներին։

Ս-125 «Պեչորա-2Մ»-ը կարող է ունենալ ինչպես շարժական, այնպես էլ ինքնագնաց տարբերակներ, այն 2 անգամ ավելի շատ արձակման կայան ունի (Ս-125-ի 4-ի փոխարեն 8 հատ)։ Համալիրն օժտված է ռադիոտեխնիկական պաշտպանության համակարգով։

Հավելենք նաև, որ Ս-125 զենիթահրթիռային համալիրներ շահագործում են Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Վիետնամը, Ղազախստանը, Եմենը, Վրաստանը,   Եգիպտոսը,  և այլ երկրներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *