Ղրղզստանում ռուսաստանյան ավիաբազան կհամալրվի նոր գրոհիչներով

Ղրղզստանում տեղակայված Կանտ ռուսաստանյան ավիաբազան այս տարի կարող է համալրվել Սու-25ՍՄ արդիականացված գրոհիչներով: Նշվում է, որ համալրման արդյունքում ավիաբազայի ինքնաթիռների քանակը կկրկնապատկվի:Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Կանտ ավիաբազայի Սու-25 գրոհիչները

Արդիականացման արդյունքում գրոհիչները համալրվել են նշանառու-նավիգացիոն Բարս համալիրով և ռադիոտեխնիկական հետախուզության Պաստել համակարգով: Կատարելագործվել է նաև կրակի կառավարման համակարգը: ՍՈւ-25ՍՄ (ռուս.՝ Су-25СМ) գրոհիչների արդիականացումը միտված է եղել առաջին հերթին լեռնային տեղանքում վերգետնյա թիրախների խոցման արդյունավետության բարձրացմանը: Հենց լեռնային պայմաններում են իրենց հերթապահությունը կրում Կանտ ավիաբազայի օդաչուները:

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են նաև, որ կարևորելով Ղրղզստանում տեղակայված ավիաբազայի նշանակությունը՝ օդաչուներին ընձեռվում է մասնագիտական հմտությունների կատարելագործման լայն հնարավորություններ: Ընդ որում, ուշադրություն է դարձվում ոչ միայն օդաչուական հմտություններին, այլև գրոհիչի հարվածային հնարավորություններին վարժ տիրապետմանը: Այդ նպատակով միայն 2013-ին ավիաբազայի օդաչուներն իրականացրել են ուսումնական շուրջ 80 ռմբահարում և չկառավարվող հրթիռների 200 արձակում:

Նշենք, որ Կանտ ավիաբազայի շահագործման պայմանագիրը Ռուսաստանն ու Ղրղզստանը կնքել են 2003-ի սեպտեմբերին 15 տարի ժամկետով: Այստեղ ծառայություն են անցնում ՌԴ զինված ուժերի շուրջ 250 սպա և ժամկետային 150 զինծառայող: Ավիաբազան համալրված է գերազանցապես ՍՈւ-25 գրոհիչներով, Մի-8 բեռնատար ուղղաթիռներով և Իլ-76 բեռնատար ինքնաթիռներով: Ուշագրավ է, որ ռուսաստանյան ավիաբազայից ընդամենը 30 կմ հեռու է Մանաս ավիաբազան, որը Ղրղզստանը շահագործման է հանձնել ԱՄՆ զինված ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *