ՀՀ-ում ռազմաարդյունաբերության պետական կոմիտե պիտի ստեղծվի. ԱԱԽ քարտուղար

Հայաստանի Հանրապետությունում բացվելու է ՈւԱԶ մեքենաների և Մի տեսակի ուղղաթիռների տեխնիկական սպասարկման հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Բաղդասարյանը նշել է, որ ռուս մեքենագործների հետ համատեղ ձեռնարկություններից առաջինը՝  ԿամԱԶ-Հայաստանը հաջողությամբ գործում է, իսկ դա լավ նախապայմաններ է ստեղծում «Ուլյանովսկի ավտոմեքենաների գործարանի» ու «Ռուսաստանի ուղղաթիռների» հետ համատեղ ձեռնարկություն բացելու համար:

«Հաշվի առնելով այդ դրական փորձը՝մենք կարող ենք Հայաստանում Մի ուղղաթիռների և քաղաքացիական ՈւԱԶ մեքենաներին սպասարկել»,- ընդգծել է ԱԱԽ քարտուղարը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Հայաստանում բացվեց «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ առևտրի և սպասարկման կենտրոնը։ «ԿԱՄԱԶ Արմենիա» ՓԲԸ-ի ներդրումների քանակը Հայաստանի տնտեսության մեջ կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար: Պատասխանատուների հավաստմամբ, հետագայում ծրագրվում է ավելացնել ընկերության կանոնադրական կապիտալը:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաև ռազմական արդյունաբերությանը, նշելով, որ Հայաստանում պետք է ստեղծվի Կառավարությանը կից ռազմական արդյունաբերության պետական կոմիտե:

Ըստ Բաղդասարյանի՝ ռազմական արդյունաբերությանը վերաբերող հարցերը պետք է առանձին կառույց համակարգի:

«Մեր երկրի համար դա չափից ավելի կարևոր է: Նշեմ, որ այդպես են վարվում նաև հարևան երկրները: Թուրքիան ունի լուրջ կառույցներ, որոնք համակարգում են ռազմական արդյունաբերությունը: Ադրբեջանն ունի ռազմական արդյունաբերության նախարարություն: ՀԱՊԿ մյուս բոլոր երկրներում այդ հարցերով նույնպես առանձին կառույցներ են զբաղվում: Կարծում եմ՝ նպատակահարմար է նման կառույց ստեղծել նաև մեզ մոտ»,-շեշտել է Արթուր Բաղդասարյանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *